Երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, որոշակի բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Ռուս խաղաղապահների հրամանատարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ եւ դեռեւս քաջածանոթ չէ ներքին կացությանը: Կան որոշ դրվագներ, տարրեր, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի լավ տեղեկացված լինի: Բայց նրանք, որոնք վաղուցվանից այստեղ են, զորակազմի համապատասխան պաշտոնյաները, վստահ եմ՝ շատ լավ տեղեկացված են մեր եւ ադրբեջանական կողմի մոտեցումներին»,-ասաց նա:
Իշխանյանի խոսքով, վերը նշված քննարկումները դեռեւս որեւէ արդյունք չեն տվել. «Համենայնդեպս, ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքն Արցախի Հանրապետության տարածք, որեւէ արդյունք չի տվել: Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների կողմից միջոցներ են ձեռնարկվել եւ այդ քննարկումները դեռեւս ընթացքի մեջ են, դրանք ավարտված չեն: Այստեղ շատ կարեւոր է Արցախի ընդհանուր դիրքորոշումը եւ ռուսական կողմի՝ համապատասխան բացատրություններ տալը»,-ասաց Իշխանյանը:
Նա հավելեց, որ ռուսական կողմը եւս պետք է տեղեկացված լինի այն ընդհանուր իրավիճակին, որն առկա է, եւ այն տեսակետներին, որ ունի արցախյան կողմը. «Ուզում եմ հույս հայտնել, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում էլ կավարտվեն եւ կունենան իրենց տրամաբանական ավարտը: Մեր սպասելիքները պետք է որ արդարանան»,-ընդգծեց Արցախի ԱԺ նախագահը:











