Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտոերթ անցկացրեց Կենտրոնում։ Քարոզարշավի նախորդ օրերի ընթացքում կուսակցությունը եղել է Ավանում, Մալաթիա-Սեբաստիաում եւ Նոր Նորքում։

Կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախընտրական ծրագրի հիմքում սոցիալական խնդիրներն են ընկած։ Կուսակցությունն առաջարկում է 50 տոկոսով զեղչել հասարակական տրանսպորտը օգտվող թոշակառուների եւ ուսանողների համար, ավելացնել պոլիկլինկաներում պետպատվերով կատարվող ծառայությունների քանակը եւ այլն։

«Մենք առօրյա խնդիրներ ենք բարձրաձայնում, որոնց հետ անընդմեջ առնչվում է երեւանցին։ Քաղաքում շատ են պարզունակ խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Մենք դատապարտում ենք այն ուժերին, որոնք հասարակությանը մոլորեցնում են մեգանախագծերով, երբ քաղաքը նման տարրական խնդիրներ ունի»,- նշեց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ իշխանությունն օգտագործում է վարչական բոլոր լծակներն իշխանության հասնելու համար։

«Իշխանությունն իրեն թույլ է տալիս պաստառներ փակցնել վայրերում, որտեղ թույլատրելի չէ, սա արդեն իսկ ցույց է տալիս իրենց տրամադրվածությունը։ Քաղաքապետի թեկնածուն իրավունք չունի քարոզարշավի ընթացքում նիստ վարելու, բայց անում է փիառվելու համար։ Քաղաքի խնդիրները մոռացել են, եւ բոլոր թաղապետներով աշխատակիցներով լծվել են վերընտրության ուղղությամբ»,- ասաց նա։