«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգողները քաղաքացիների ստորագրությամբ փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ։

Նախաձեռնության կողմից կազմակերպված ստորագրահավաքի արդյունքում անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքվել է 58 հազար ստորագրություն:

Ստորագրությունները, ըստ նախաձեռնության համակարգողների, արդեն թվայնացվել են եւ միայն 0,5 տոկոսն է անվավեր ճանաչվել։ ԿԸՀ-ն մեկ ամսվա ընթացքում պետք է հաստատի այդ 58 հազար ստորագրությունների իսկությունը։ «Այնուհետեւ հարցը կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը»,-տեղեկացրեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը այլ պետության մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:

Նախաձեռնությունն իր պահանջներում հիմնվում է Հայաստանի անկախության մասին հռչակագրի, Սահմանադրության եւ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման վրա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սատարելու եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանության մասին, ինչպես նաեւ Հայաստանի ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթղթի անընդունելիության մասին, որում ԼՂՀ-ն նշված է Ադրբեջանի կազմում-խմբ․)։