Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր օգոստոսի 31-ին, մեկնարկել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով նախնական դատական նիստը:

NEWS.am-ը զրուցել է ողբերգական պայթյունից մահացած 55-ամյա Անահիտ Մխիթարյանի մոր հետ, որը դժգոհում է գործի քննությունից.

«Ինչի՞ այդպես արեցին, ինչո՞ւ այդ շենքը պիտի պայթեր: Աղջիկս 55 տարեկան էր, ինքը պիտի ինձ հուղարկավորեր, ոչ թե ես՝ իրեն: Ուզում եմ իմանալ՝ ո՞վ է հեղինակը: Ասում են՝ վերեւից են պայթեցրել, անկուշտի նման արեցին: Քանի՞ հոգու տուժեցին: Պետք է բռնել ու քննել: Ով փող ունի, պրծնում է, թող բռնեն ու դատեն հեղինակին: Եթե հասարակ մարդը մի 1000 դրամ գողանա, անմիջապես կբռնեն ու կդատեն: Ով այդտեղ շենք սարքի, ես քանդելու եմ»:

Մեզ հետ զրույցում տուժողի փաստաբան Ավագ Լալայանն ասաց, որ այս գործով 158 տուժող կա, սակայն դատարանն այս նիստի մասին ծանուցվել էր ընդամենը մի քանի տուժողի.

«Այնպիսի տպավորություն էր, որ դատարանը, ըստ էության, մտադրություն ունի զուտ ձեւական դատական նիստ իրականացնի՝ դատական նիստը հետաձգելու համար: Ես դժվարանում եմ պատկերացնել, թե դատարանն ինչպես էր տուժողների բացակայության պայմաններում շարունակելու գործի քննությունը, քանի որ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տուժողներն իրենց առնվազն իրավունքների վերաբերյալ պետք է դիրքորոշում հայտնեն:

Դատալսումների սկզբնական փուլում տուժողներին պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու գույքային հարց, ինչը չներկայացնելու դեպքում այլ փուլերում այլեւս հնարավորություն չեն ունենալու: Դատական նիստը հրավիրվել էր նրա համար, որ հետաձգվի»:

Նշենք, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ դատախազը մեղադրական եզրակացությունը մեղադրյալներին չի ուղարկել:

Այս գորոժծով ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը: Վահագն Հովհաննիսյանը վարչական հսկողության տակ է, Գարիկ Վարդանյանի նկատմամբ բացակայելու արգելք է սահմանվել, Մհեր Մարգարյանի նկատմամբ՝ գրավ է կիրառվել:

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Հովհաննիսյանը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ «Առեւտրի իրականացման վայրի առեւտրի օբյեկտների, վաճառատեղերի եւ պահեստների տրամադրման» պայմանագրով Առեւտրի կենտրոնում վարձակալելով Ընկերության՝ Երեւան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առեւտրի կենտրոնի առեւտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքը եւ նույն պայմանագրի 2.4.3 կետի պահանջների համաձայն՝ ստանձնելով վարձակալած տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային եւ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման եւ իր մեղքով պատճառված վնասի դեպքում՝ պատճառված վնասը փոխհատուցելու պարտավորությունները, խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» եւ ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու եւ դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետեւանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաեւ առաջացել է այլ ծանր հետեւանքներ:

Գարիկ Վարդանյանը հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Առեւտրի կենտրոնի տարածքում, Վահագն Հովհաննիսյանի եւ Մհեր Մարգարյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսեւորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ եւ պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր եւ կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» եւ ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու եւ դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները:

Մհեր Մարգարյանը հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից առեւտրի տարածքում, Վահագն Հովհաննիսյանի եւ Գարիկ Վարդանյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսեւորելով հանցավոր անփութություն:

Նշենք, որ գործով տուժողները դժգոհ են եւ՛ գործի նախաքննության ընթացքից եւ ԱԱԾ քննիչի՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին որոշումից:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում հրդեհից զոհված 72-ամյա Արտավազդ Հայրապետյանի որդին՝ Համբարձում Հայրապետյանն ասել էր, որ դեպքի իրական մեղավորները չեն պատժվել, փոխարենը մեղադրյալի կարգավիճակ ունեն անձինք, որոնք ուղղակի ենթականեր են եղել:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի հետեւանքով 16 մարդ զոհվել է, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։

Նշենք, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով հարուցված քրեական գործը միացվել է 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն հասցեում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով նախաձեռնված քրեական վարույթին: Այն սկզբում քննվում էր Քննչական կոմիտեում, սակայն վերջերս գործը փոխանցվել էր ԱԱԾ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում