«Մայր Հայաստան» դաշինքը դադարեցնում է քարոզարշավը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Facebook-ի իր էջում հայտարարել է դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թեւանյանը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք այսօր նախատեսել էինք հանդիպումներ Երեւանի Ավան համայնքի բնակիչների հետ, սակայն ցավալիորեն, ինչպես հայտնի է, Ադրբեջանը հարձակվել է Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ, ունենք զոհեր:
Ցավակցում եմ զոհերի հարազատներին, մեր ժողովրդին, կա վիրավոր այս պահին: Հարձակումները թշնամու կողմից շարունակվում են: Ելնելով ստեղծված իրավիճակից մենք դադարեցնում ենք մեր նախապես պլանավորած հանդիպումները, քարոզչական այցերը եւ այս պահին թիմակիցներով մեկնում ենք Սոթքի ուղղությամբ տեղում իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու, ձեզ հաղորդելու, տեղի բնակչության հետ շփվելու, նրանց կողքին լինելու համար:
Բոլորիս ուժ եւ համբերություն եմ մաղթում: Ցավոք սրտի այս, այսպես կոչված, «խաղաղության օրակարգն» էր, որը մեր գլխին բերում է Նիկոլ Փաշինյանը եւ իր վարած քաղաքականությունը:
Երբ տեղում կլինեմ, տեղից որոշակի տեղեկություններ կհաղորդեմ, կհասկանամ՝ մթնոլորտն ինչպիսին է»:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:











