«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երեւանում իշխանություն ձեւավորելու  օգտին, քվեարկեց իրավիճակը հանգուցալուծելու օգտին, քվեարկեց Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության օգտին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու անդրանիկ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք իրենց փոխքաղաքապետի պաշտոն առաջարկվել է. «Մնացած հարցերը բրիֆինգի ժամանակ»,-ասաց նա:

Նշենք, որ քիչ առաջ տեղի ունեցավ քաղաքապետի ընտրության քվեարկությունը: Միակ թեկնածուն ՔՊ-ից Տիգրան Ավինյանն էր: Ընտրության արդյունքները կներկայացվեն ժամը 11.30-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» - 12 մանդատ

«Հանրապետություն» - 8 մանդատ

«Հանրային ձայն»- 7 մանդատ

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել, եւ քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ կլինի կոալիցիա ձեւավորել:

Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի եւ լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցելու է ավագանու նիստին, սակայն երեկ հայտարարեցին, որ դեռ որոշում չունեն այդ հարցի առնչությամբ, թերեւս, ցանկանալով մինչեւ վերջին պահը ձգել ինտրիգը:

Նիստին, բնականաբար, մասնակցում են նաեւ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը»: