Հայաստանի բանակն արմատական բարեփոխումների կարիք ունի, այն մի կողմից չպիտի լինի քվազիֆեոդալական, քվազիքրեական, մյուս կողմից չպիտի լինի քաղաքականացված: Պիտի կապ չունենա քաղաքականության հետ, չօգտագործվի քաղաքականության մեջ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Վերջինիս խոսքով, բանակում եղած դեպքերի գրեթե անընդհատ շարանը եւ քննադատություններն այդպես անարձագանք, արհամարհական, քամահրական թողնելը հուշում է, որ իշխանությունը համարժեք գնահատական չունի: «Իրենք թեթեւ են գնահատում: Ես չեմ ասում, թե անտեսում են պոբլեմները, բայց իրենք այդ պրոբլեմները չեն համարում արմատական: Համարում են, որ դե քրեական հանցագործություն է, կբացահայտվի եւ վերջ: Այնինչ, լավագույն դեպքում պատժվում են անմիջական կատարողները, իսկ ովքեր զորախմբերի հրամանատարներ են, դրանք, ըստ էության, քրեական պատասխանատվություն չեն կրում: Այս մասին է, որ պարբերաբար ասում ենք, եւ ասում ենք, որ բանակում արմատական բարեփոխումներ են պետք»,- նշեց Լեւոն Բարսեղյանը:

Անդրադառնալով փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, որով վերջինս իրավապաշտպաններին մեղադրել էր պատվեր կատարելու մեջ, Լեւոն Բարսեղյանն ասաց. «Արձագանքը անակնկալ չէր: Սպասելի էր, որ նրանք, ովքեր իրենց գործն անելու փոխարեն սիրում են զբաղվել ինքնապաշտպանական այդպիսի հայտարարություններով, մի օր պիտի երեւան գան եւ հայտնեն իրենց վարքը եւ դիրքորոշումը: Մարդը դժգոհում է, որ բանակից տեղեկություններ են հարցնում հասարակական գործիչները: Եթե պետական կամ ծառայողական գաղտնիք է, եղբայր, գրի, որ գաղտնիք է, եւ այդ տեղեկությունները հայտնել չենք կարող: Իսկ եթե գաղտնիք չէ, բարի եղիր խելոք, գլուխդ կախ այդ տեղեկությունները հայտնել նրանց, ովքեր հարցնում են: Ավել-պակաս խոսակցությունները փոխնախարարի գործը չեն:

Ասել էր նաեւ, թե նախարարին թույլ ասողները թուլա են, այսինքն այդ գեներալի կարծիքով, Հայաստանում մարդիկ կարծիք ունենալու իրավունք չունեն: Այսինքն, ով կարծիք ունի, մանավանդ նախարարի մասին, մոտավորապես շանտղություն է անում, որ այդ կարծիքը հայտնում: Սահմանադրությունն ինքն ուրիշ ձեւ է ընթերցում»,- նկատեց Բարսեղյանը:

Վերջինս շեշտեց, որ իրենք իրենց պահանջների տերն են, եւ համարում են, որ բանակը պետք է արմատական բարեփոխումներ կրի: «Որքան շուտ հասկանա իշխանությունը, այնքան լավ իր համար: Ինչով պետք է օգնել այդ բարեփոխումների համար, մենք պատրաստ ենք օգնել` մեր խորհուրդներով, առաջարկություններով, դիտողություններով: Ինձ քիչ է հուզում գեներալների վարքուբարքը, ինձ հուզում է, որ բանակում սպանություններ, խեղումներ չլինեն: Թող լուծեն այդ խնդիրները եւ տեսնեն` արդյոք այս մարդիկ կհավաքվե՞ն այստեղ»,- նշեց Լեւոն Բարսեղյանը: