Հայաստանի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի մայիսին վճռել է պարտադրել Գյումրիի Մուսայելյան փողոցում գտնվող 139/006 ժամանակավոր կացարանի բնակիչ 74-ամյա 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ Աղունիկ Ասլեյանին տնակը տեղահանել եւ տարածքն ազատել:
Այդ տնակում միայնակ բնակվող տարեց կինը հաշվառված է Գյումրիի անօթեւանների հերթացուցակի 1 սենյականոց բնակարանի հավակնորդների 344 հերթական համարում: Երկրաշարժին նրանց ընտանիքը կորցրել է սեփական տուն, իսկ ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում ներկայումս իրականացվող բնակարանաշինության ծրագրով Գյումրիում սեփական տուն կորցրած ընտանիքները բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց բնակարաններով ապահովման խնդրին կառավարությունը խոստացել է անդրադառնալ 2013 թվականին:
Այս տնակի տարածքը 2009 թվականին Գյումրիի քաղաքապետարանի կողմից աճուրդ վաճառքով օտարվել է: Տարածքի սեփականատերերը, որոնց պատկանում է հարակից` Լենինականի նախկին փայտամշակման գործարանի վարչական շենքը, որը վերածել են խանութի, տնակի տեղահանման անհրաժեշտությունը պատճառաբանում են կառուցապատման շահերով, այն դեպքում, երբ այդ տնակը մասամբ է գտնվում իրենց տարածքում եւ տեղադրված է խանութից 18 մետր հեռավորության վրա` փողոցի մայթեզրին:
Ավելացնենք, որ Գյումրիի բուժհիմնարկություններում 50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Աղունիկ Ասլեյանը երրորդ տարին է ներքաշված է դատական քաշքշուկների մեջ: Նա բնակվելու այլ վայր չունի եւ պարտադրված, բառիս բուն իմաստով մաքառում է հանուն իր տնակի պահպանման, որն ի դեպ շարքից վաղուց դուրս է եկել:











