ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման վերաբերյալ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ դռնբաց ռեժիմով դատական նիստը անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
«Նշեցինք հիմնավորումներ, որ տվյալ պարագայում արդարադատության շահի ոտնահարման, դրանով իսկ պայմանավորված նախաքննության գաղտնիքի հրապարակման խնդիր չունենք, որովհետեւ ապացույցների առավելապես մասը արդեն իսկ հասարակության համար հասանելի է եղել, նաեւ մատչելի։ Մենք դատարանում նշեցինք, որ այն ունի հանրային հնչեցություն, եւ մենք ուզում են, որ հասարակությունը ներկա լինի եւ տեսնի՝ այս դատավարությանն ինչ է տեղի ունենում։ Մեր միջնորդությունը դեռ չավարտված դատարան առհասարակ չր թույլատրում, որ մենք մեր դիրքորոշումը լիարժեք ներկայացնենք, խոսքը նույնիսկ ավարտենք, հայտարարություն անենք, առարկենք դատարանի անօրինական գործողությունների դեմ, ինչ-որ անհասկանալի բան էր տեղի ունենում դատական նիստի ժամանակ։ Արդյունքում դատարանը մեր միջնորդությունը մերժեց։ Մենք ասում էինք՝ եթե դատարանը վախ չունի, կաշկանդվածություն չունի, արդարադատության տեսանելիության առումով եկեք անցնեք դռնբաց ռեժիմին»,- ասաց պաշտպանը։
Ալեքսանյանը պատմեց, որ նիստին իրենք դատարանին ներկայացրել են ինքնաբացարկի միջնորդություն՝ նրա քաղաքական դիրքորոշումների համար․ «Պարոն Մելքոնյանը բացահայտ ասել է՝ «Ռոբերտ Քոչարյանը պատժվել է», նա այդ արտահայտությամբ բացասական վերաբերմունք է արտահայտել։ Հայտարարվեց կես ժամով ընդմիջում։ Ներկա պահին Ավանի նստավայրը հերթապահ դատարանը չէ, կա ԲԴԽ-ի որոշում, որ կալանքի միջնորդությունները քննվում են անհապաղ եւ քննարկում է դա հերթապահ դատարանը, հերթապահ դատարանը Կենտրոնի նստավայրը, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ ձեզ է մակագրվել։ Մենք որեւէ պարզաբանում չլսեցինք։ Նա երդվել է պահել օրենք եւ սահմանադրություն, բայց պահում է ինչ-որ պայմանավորվածություն։ Իրավաբանության հետ աղերս չունեցող ինչ-որ երեւույթներ են տեղի ունենում»։











