Այստեղ ավելի կարեւոր է ոչ թե հարթակը, որքան Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունը կամ այն սկզբունքների շուրջ, որոնք եղել են պայմանավորվածություններ, դրանց դետալացված վերահաստատումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին:
«Խոսքը վերաբերում է այս տարվա հուլիսին Բրյուսելի հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքներին, որոնք Հայաստանն իր կողմից վերահաստատել է եւ կրկին վերահաստատել է Գրանադայի քառակողմ հայտարարությամբ: Այս սկզբունքների վերահաստատումը Ադրբեջանի նախագահի կողմից հիմքեր կստեղծեն հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,-ասաց նա:
Խանդանյանը նկատեց, որ Ադրբեջանը Հայաստանի ցանկացած արձագանք ագրեսիվ է գնահատում, բայց այս գործընթացների մեջ ագրեսիվ կողմը շարունակում է մնալ Ադրբեջանը:
Հարցին, թե ինչու Ալիեւը չի նախընտրում արեւմտյան հարթակը՝ նախապատվությունը տալով ռուսականին, հանձնաժողովի նախագահն ասաց. «Այդ հարցեը պետք է տալ Ալիեւին, ես իր փոխարեն չեմ կարող պատասխանել»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ երբ Ադրբեջանը սադրանքի է գնում, արտաքին ուժերը փորձում են Հայաստանում դրածո կառավարություն ձեւավորել, ո՞ր արտաքին ուժի մասին էր խոսում Փաշինյանը, Խանդանյանն արձագանքեց. «Եթե դուք ուշադիր հետեւք մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներում հնչող բառապաշարին, մասնավորապես ՌԴ պետական ալիքներում շատ ակտիվ գործունեություն ծավալող որոշ լրագրողների ու փորձագետների արտահայտած մտքերը, ապա այնտեղ կլսեք, որ Հայաստանի ժողովրդին կոչ են անում դուրս գալ փողոց եւ փոխել իշխանություններին, ինչն իրենց գործը չէ»:











