Պետական պաշտոնյաներին տրվող նվերների թեման բավական բարդ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով  օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:

«Բազմաթիվ խնդիրների ու բարդությունների ենք հանդիպել համակարգը մշակելիս։ Ի սկզբանե թեմա կար, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, այսինքն չմնան պաշտոնյային կամ չդառնան պետության սեփականությունը: Բայց արձանագրեցինք, որ դրա հետ  երկրի, պետության պատմությունը ցաքուցրիվ կանենք ու որևէ հետագիծ չի մնա: Նաև այլ խնդիրների էլ ենք բախվում, բայց  մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն ու բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների: այսինքն չմնան պաշտոնյային կամ չդառնան պետության սեփականությունը: Ընդ որում, շատերը այդ կարգավորումներին նայում են միայն հանրության, թափանցիկության տեսանկյունից, բայց սա կարևոր է նաև պետական պաշտոնյաների պաշտպանվածության առումով։

Որովհետեւ լինում են ամենատարբեր իրավիճակներ, երբ պետական պաշտոնյաները հայտնվում են անհարամար իրավիճակում: Երբ կա օրենքով կարգավորում, շատ հեշտ է ասել՝ դա օրենքով արգելված է եւ խոսակցությունը փակվում է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդպիսով, պաշտոնյան անհարգալից մարդու տպավորություն չի թողնի։

Նա ընդգծեց, որ կարեւոր է, որ կառավարությունը պետք է սահմանի հստակ ու իրագործելի կարգավորումներ եւ պետք է սահմանել, թե ինչ է նվերը։

«Եթե ինչ-որ մեկն եկավ ու ասաց՝ «վայ, հետս բերել եմ իմ գրած գիրքն ու բրոշյուրը, ուզում եմ նվիրել ձեզ», այդ գիրքը կարելի՞ է վերցնել, թե՞ ոչ։ Այնքան հարցեր կան, որ ամիսներով, նույնիսկ տարիներով քննարկում ենք, պետք է բոլոր դեպքերը կարողանանք սահմանել: մենք պետական կարգով եւ արարողակարգով ունենք սահմանված թանկարժեք նվեր, պարգեւատրում զենքով եւ այլն: Հիմա անտրամաբանական է, որ մի դեպքում օրենքով նախատեսել ենք, որ օրինակ, կարող է պարեգեւատրում լինել զենքով, մյուս օրենքով ասենք՝ այդ զենքը պետք է տանես պետգույքի կառավարման վարչությունով աճուրդով հանես վաճառքի», - նշեց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ շատ նրբություններ կան, որ պրակտիկայում կարգավորվելու են, այդ թվում նվերների օգտագործման  հետ կապված կարգը. «Նույն պետական արարողակարգային նվերները  հիմա էլ մենք օգտագործում ենք։ Մի բան ակնհայտ է՝ պաշտոնյաները նվերներ ստանալու  իրավունք չունեն և պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի: Դա պետք է դառնա սովորական, ամենօրյա ընկալում։

Մեր միջազգային գործընկերները վերջին իրադարձությունների հետ կապված ասում են՝ «մենք զարմանում ենք, թե ինչպես 100 000 բռնի տեղահանված մարդ եկավ Հայաստան եւ դուք կարողանում եք  կառավարել իրավիճակը»: Իմ պատասխանը մեկն է, ընդհանրապես նման հումանիտար ճգնաժամերում  ամենաառաջին ակտիվացող էլեմենտը կոռուպցիոն էլեմենտն է։ Երբ կա հստակ դրված հակակոռուպցիոն քաղաքականություն, բոլորը կենտրոնանում են աշխատանքի վրա, դա տալիս  իր արդյունքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։