Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, և ես վերահաստատել ենք Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցին հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն։
Նա նշել է, որ Հայաստանն այսօր դժվար ժամանակներ է ապրում՝ ցավակցություն հայտնելով ղարաբաղյան պատերազմներում զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև կարեկցանք հայտնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, ովքեր լքել են իրենց տները։
Սիմոնիտը հիշեցրել է, որ Լիտվայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։
«Հուսով եմ, որ կողմերը (Հայաստանը և Ադրբեջանը - խմբ.) կհետևեն իրենց պարտավորություններին` ցուցաբերելով փոխադարձ հարգանք՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ես կարծում եմ, որ երկխոսության միջոցով հնարավոր է հասնել կայուն խաղաղության։ Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, բայց դա միակ ճանապարհն է՝ հասնելու կայունության և բարգավաճման ողջ տարածաշրջանում։ Ես բարձր եմ գնահատում Հայաստանի հավատարմությունը խաղաղ գործընթացին և աջակցություն եմ հայտնում ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին։ Անկախ, ինքնիշխան, անվտանգ, բարգավաճ, ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև կայունությունն ու խաղաղությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են»,- նշել է Լիտվայի վարչապետը։
Լիտվան մտադիր է միասին աշխատել այդ ուղղությամբ, ընդգծել է նա։











