Սադրիչների առկայությունն էր, որ իրավիճակը այդպես լարեց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բախմանն անդրադառնալով նշեց արցախցի ակտիվիստ Նարե Սիմոնյանը:
Նշենք, որ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախում տեղի ունեցավ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվեցին նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկեցին նրան։ Ոստիկանությունը միջամտեց եւ բերման ենթարկեց մի քանիսին:
«Ընդհանուր առմամբ ասեմ, որ որ այստեղ մեծ մասը արցախցիներ են, որոնք եկել են իրենց ցավով եւ ուզում են իրենց հարցերի պատասխանները ստանալ։ Այստեղի հավաքված մարդկանց մի մեծ մասը նաև այլ օրերի են եկել, սակայն այսօր սադրիչների առկայությունն էր, որ իրավիճակը այդպես լարեց։
Մեծ մասն արդարացի ցասում ունի եւ չգիտի որտեղ արտահայտի այդ ցասումը, իսկ փոքր մասն այսօր ուղղորդված եկավ և այդ ցասումը փորձեց ղեկավարել այնպես, որ դա դիտվի ի դեմ Արցախի ներկայացուցչության, Արցախի պետականության։ Սակայն սրանք այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ պայքարել են Արցախի պետականության համար և նրանց մեծ մասի պահանջը հենց այն է, որ Արցախը հենց այնպես չի կարող լուծարվել»,-ասաց նա:
Նարե Սիմոնյանի խոսքով, գաղտնիք չէ, որ անընդհատ փորձում են առանց այդ էլ շատ խարխլուն վիճակում գտնվող Արցախի պետականությունը վերջնական կործանել։ «Համոզված եմ, որ փոքր մասի նպատակը, որը ուղղորդված է եկել, այդ մարդկանց ցավն օգտագործելով, արցախցիների մեջ պառատում մտցնել, այնպիսի գզվրտոց սկսվի, որի հետևանքով էլ ավելի թուլանա Արցախի պետականության հիմքերը»,- ասաց նա։
Ն.Սիմոնյանը ցավով նշեց, որ հիմա այդ սադրիչները, իրենց գործն արած, ազատության մեջ ման են գալիս, իսկ արդար պահանջով ու ցասմամբ եկած շատ տղաներ բերման են ենթարկվել։











