Աշխատանքային քննարկումների ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք կապված են նաև դատաիրավական համակարգերի ծանրաբեռնվածության հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սակայն, իմ կարծիքով՝ այն քաղաքական ժամանակը, որը հանրությունը մեզ տվել է արդյունավետ համակարգ ունենալու համար, սպառվում է: Եվ եթե այդ ժամանակն արդյունավետ չօգտագործվի, այսինքն՝ հանրությունը չտեսնի, որ այս հայտարարությունների արձանագրված քաղաքական կամքի հետևում կոնկրետ և արդյունավետ գործող համակարգեր են, այստեղ մենք կարող ենք ունենալ լրջագույն պրոբլեմներ, որոնք իրենց հետ կարող են բերել լրջագույն հետևանքներ:

Երբ նայում եմ Կառավարության օրակարգին, թե մենք հակակոռուպցիոն պայքարի համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար էլ ինչ պետք է անեինք, ես տեսնում եմ, որ առնվազն մեծ մասն արված է՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, վճարումների և աշխատավարձերի բարձրացումներ: Մենք նաև այլ միջոցներ ենք ձեռնարկել, այդ թվում՝ քրեական գործերով անցնող անձանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Դրանցից ես ուզում եմ նշել նոր կարգավորումը, երբ հարցաքննությունները տեղի են ունենում միայն տեսագրության ներքո», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս նոր համակարգը, ըստ վարչապետի, ենթադրում է նաև քննչական պրոֆեսիոնալիզմի նոր որակ, մասնագիտական առաջխաղացում, ինչի համար շատ կոնկրետ խթաններ են ստեղծվել: «Կառավարությունը դատական պրոցեսներին միջամտելու որևէ լիազորություն չունի, բացի որոշակի օրենսդրական որոշակի նախաձեռնություններից, կանոնակարգումներից: Կարծում եմ՝ հանրությունը պիտի ապացույցներ ստանա կոնկրետ, որ այստեղ կուլիսային խաղեր և բեմականացումներ չկան, և մյուս կողմից՝ գործում է հստակ գործող պետական, դատաիրավական, հակակոռուպցիոն համակարգ:

Սա չափազանց կարևոր խնդիր է, ընդ որում՝ այս հարցի շուրջ, կարծում եմ՝ նաև պետք է լինի որոշակի հանրային պետական կոնսոլիդացիա: Հակառակն էլ ասեմ, որ երբ վերնագիր ենք դնում՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, բոլորը դրա հետ համաձայն են, ոչ մեկ որևէ առարկություն չունի, երբ ասում ենք՝ ապօրինի գույք բռնագանձում, բոլորը դրա հետ համաձայն են, ասում են՝ դե իհարկե, ապօրինի գույք է, պետք է բռնագանձել:

Երբ այդ կոնկրետ գործի, այդ վերնագրի ներքո գործեր են հայտնվում, որոնք արդեն վերաբերում են կոնկրետ շենքերի, կոնկրետ գույքերի, կոնկրետ անուն- ազգանունների, պարզվում է՝ մեկը հարգված մարդ է, մյուսը՝ մեծ շրջապատ ունի, երրորդը՝ լավ տղա է և այդպես շարունակ: Հասկանում ես, որ ամեն քայլ անելիս պետք է ահռելի դիմադրություններ հաղթահարել»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա նշանակում է, որ կոռուպցիոն դիմադրությունը մեր երկրում հաղթահարված չէ. «Եվ նաև սրանով է բացատրվում, որ մեր երկրում, այդ թվում՝ պետական համակարգում, դեռևս շարունակում է կոռուպցիա լինել և երբեմն՝ ժամանակ առ ժամանակ, գնահատվում է, որ ոչ միայն կա, այլև կոռուպցիան նոր ձևերով զարգանում է: Եվ այս ազդակներին մենք չպետք է ուղղակի այսպես անլուրջ վերաբերվենք: Ամեն ասածի հետևից մենք պետք է կարողանանք գնալ, որովհետև եթե հանկարծ վերջում պարզվի, որ հակակոռուպցիոն մեր քաղաքականության հետևում խաղ կա, ձև կա, դա կլինի ամենամեծ աղետը, որին մենք կառերեսվենք»: