Այն կարծիքին եմ, որ առանց մի  դրամ ծախսելու  մենք ևս մի քանի տոկոսով  ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ռուսական «Առաջին ալիքի»՝ Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդմանը:

«Էդ կոլեկտիվը, որ նստած էր ստուդիայում, բարձրացրեց Հայաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը: Հաղորդումը նայելուց զգացմունքները միանշանակ չէին, իմ լսելուց ու դիտելուց քաղաքական կամ կիսաքաղաքական, շոու բառն էլ չի գնում է, իրանք իրականացնում էին ավելի շատ «երդվյալ ատենակալների» մոդել, որ դատարանում նստում են ու ամեն մեկը իր կարծիքն ա ասում մեղադրյալի վերաբերյալ:

Հետո Հայաստանից ցուցմունք տվողներ գնացին, որոնք, որ ասենք Հայաստանի և հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ են, որոնք որոշեցին, որ պիտի գնան և ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տան, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն, բայց հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը, որը պետք է սպասարկեր ուրիշ նպատակ, լրիվ այլ արդյունք ունեցավ»,- հայտարարեց Արսենյանը:

Նա հայտարարեց, որ կողմ չէ, որ Հայաստանում ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվի։ «Խոսքի ազատությունը դա խոսքի ազատություն է, որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևել անվերջ... Սա եթերազրկենք, նա եթերազրկեն, հետո ձեզ եթերազրկենք... Հետո՞»,– ընդգծեց Արսենյանը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ արդեն տեւական ժմանակ քննարկվում է ռուսական հեռուստաալիքները անջատելու հարցը՝ «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։