Հայաստանի Հանրապետությունը տառերից բաղկացած բառ չէ ինձ համար, Հայաստանն ինձ համար սրբություն է, ես ռաջնորդվում եմ Գեւորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձեւով՝ հայրենիքը սիրում են այն ճանաչելով, երկիրը սիրում են այն շենացնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու Նաիրա Հովսեփյանը:

Նշենք, որ նա Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է:

«Մենք բոլորս պետք է գնանք մեր երազանքի հետեւից: Գեւորգս ասում էր՝ բոլորն էլ ունեն երազանքներ, բայց ոչ բոլորն են գնում երազանքի հետեւից: Մենք պիտի գնանք մեր երազանքի հետեւից: Ես գնում եմ իմ երազանքի հետեւից, դեպի արդար, ուժեղ, ժողովրդավար Հայաստան, նաեւ ուժեղ դատական իշխանություն»,-ասաց դատավորի թեկնածուն:

Նա իր ելույթում անդրադարձավ նաեւ նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին հարցադրմանը՝ նշելով. «Չեմ կարող ասել՝ դա հռետորական հարց էր, թե ուղղակի հարց էր, թե ես ինչպես եմ քայլելու փողոցում: Հին Հռոմում եւ Հունաստանում, երբ մարդուն պաշտոն էին տալիս, նրան հարցնում էին՝ որտեղի՞ց ես գալիս եւ ուր ես գնում: Այսօր դա բարեվարքությունն է: Ես ուզում եմ ասել, որ ես միշտ հպարտ եմ քայլել: Այն ընտանիքում, որտեղ ես ծնվել եմ՝ Գեւորգ Հովսեփյանի ընտանիքում, եւ այն ընտանիքը, որը ստեղծել եմ ես, ծնել ու դաստիրակել եմ Գեւորգ Արշակյանին, Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ։

Պարոն Մանուկյան, հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ, սա անհերքելի ապացույց է», - հայտարարեց Նաիրա Հովսեփյանը։

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է նաև դատավորի թեկնածու, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մոր՝  Նաիրա Հովսեփյանի թեկնածությունը։