Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռ քննում է Վարդգես Գասպարիին կալանավորելու միջնորդությունը, իսկ դատարանի առաջ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Բողոքի ակցիայի մասնակիցները «Գասպարիին` ազատել, Գասպարյանին` դատել», (Գասպարյանը ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանն է-խմբ) «Զգուշացեք, վտանգավոր է» `պաստառներով եւ նկարներով, ժամը 15.00-ից դատարանի առաջ են: Ակցիայի մասնակիցների մի մասը «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներ են, կան նաեւ շարքային քաղաքացիներ, Ազատության հրապարակում անցկացվող քաղաքացիական ֆորումի մասնակիցներ` ովքեր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով եկել միացել են բողոքի ակցիային:
Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնել են փողոցի երկայնքով, մեջքով դեպքի դատարանը եւ պաստառները բռնած՝ պահանջում էին ազատ արձակել Վարդգես Գասպարիին: Պաստառների վրա եղել են նաեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի նկարները:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ձերբակալելու մասին որոշում են կայացրել: Գասպարին ձերբակալել են խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասին եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:











