Վարչապետին Սյունիքում դիմավորելու, չդիմավորելու ոչ մի խնդիր չկա, առանձնահատուկ պատրաստվելու կարիք չկա, այդ իսկ պատճառով  ես չեմ գնացել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ինքը խոստացել է, որ Փաշինյանի Սյունիք այցի ժամանակ ժողովուրդը նրան լավ կընդունի:

«Վարչապետը կարիք չունի խոստումների, իրեն ընդունել-չընդունելու: Սյունիքում  իրեն լավ են ընդունել միշտ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ 2021-ին Փաշինյանին վատ են ընդունել Սյունիքում, Արմեն Խաչատրյանն ասաց. «Խուլիգանական արարքներ են եղել կազմակերպված, որը քրեաիրավական գնահատական է ստացել, մեղադրանքներ են առաջադրվել: Դա որեւէ կապ չունի Սյունիքի ժողովրդի հետ»:

Նրա խոսքով՝ Փաշինյանը, երբ ցանկանում, գնում է Սյունիքի մարզ.«Իմ ներկայությունն այնտեղ այդքան էլ անհրաժեշտ չի եղել, ես այդ օրը այլ աշխատանքներով՝ պաշտպանական բնագավառին վերաբերող, եղել եմ այլ մարզում»։