ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը զեկուցող ՄԻՊ Անահիտ Մանասյանին հարցրեց քաղբանտարկյալների մասին։

«Ուզում եմ տեղյակ պահել, որ այս պահին 4 տասնյակի հասնող քաղբանտարկյալներ ունենք: Ունենք նաեւ կին քաղբանտարկյալ՝ հանրության շրջանում հայտնի Տաթև Արցախը, ում ինքնազգացողությունը արդեն երկու անգամ վատացել է եւ նա ուշագնաց է եղել: Նրա իրավունքներն այս պահին էլ շարունակվում են ոտնահարվել: Կոնկրետ այս դեպքի հետ կապված ՄԻՊ-ի գրասենյակն ինչ է իրականացնում եւ ինչպես է ընդհանրապես գնահատում այս երեւույթը»,-ասաց Արեգնազ Մանուկյանը:

Մինչև Անահիտ Մանասյանը կարձագանքեր, տեղից հարցին անդրաձարձավ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը. «Մեր ոստիկանությունը կշարունակի նույն կերպ վարվել այն լկտիների հետ, որոնք մեր քաղաքացիների ավտոմեքենաներն են ջարդում։ Այո, այդ լպիրշներին և լկտիներին պետք է տապալել գետնին ու տանել համապատասխան տեղեր, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի ՀՀ քաղաքացու ավտոմեքենան ջարդել»,- դիմելով Մանուկյանին՝ հայտարարեց իշխանական պատգամավորը։

Արեգնազ Մանուկյանն էլ արձագանքեց. «Հիմա դուք եք ձեզ լկտի պահում եւ իրավունք չունեք քաղաքացիներին որակումներ տալու: Դուք չարաշահում եք ձեր դիրքը»:

Գեւորգ Պապոյանը շարունակեց. «Այդ լկտիները, ի դեմս ձեզ, ունեն պաշտպաններ: Դուք եք ձեզ լկտի պահում, որովհետեւ քաղաքացիների մեքենաները ջարդող մարդիկ այստեղ ունեն պաշտպաններ: Սա է ձեր դեմքը: ՀՀ քաղաքացուն փողոցի մեջտեղում ծեծում են, մեքենան ջարդում են, բայց Արեգնազ Մանուկյն անունով պատգմավոր պաշտպան ունեն, ով այստեղ հայտարարում է, թե նրանք, իբր թե քաղբանտարկյալներ են: Դրանք սրիկաներ են, հանցագործներ են, լկտիներ են: Ամոթ ձեզ, որ դուք նրանց պաշտպանությունն եեք հանձն առել»:

Արեգնազ Մանուկյանն էլ ասաց. «Տիկին Մանասյան, դուք բուժօգնության ծառայություններ մատուցո՞ւմ եք: Էստեղ մարդ է վատացել, բժիշկների հրավիրեք: այստեղ հիստերիկ պահվածք են ցուցաբերում»: