Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Մոսկվայից արձագանք դեռ չեն ստացել։

«Այսինքն՝ իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։

Մենք դա առաջարկել ենք, արձագանք չենք ստացել, բայց դեռ ժամանակ կա մինչև ուժի մեջ մտնելը և հույս ունեմ, որ պրոգրես կլինի», - ասաց Արշակյանը՝ տեղեկացնելով, որ օրինակ Վաշինգտոնի հետ Երևանը նման համաձայնագիր ստորագրել է:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է Մոսկվան առարկում եւ սվիններով ընդունում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստը, Արշակյանն արձագանքեց, որ ինքն էլ կցանկանար այդ հարցի պատասխանն ստանալ ռուսական կողմից: