Ընդդիմությունը հանրահավաքներ է անում, որտեղ մարդիկ են գերդոզավորումից մեռնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը:

Նա դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, ասաց. «Ես ասում եմ՝ հանրհավաքներ եք անում եւ գերդոզավորումից ձեզ մոտ, ձեր հանրահավաքներին մարդիկ մահանում են: Ուզում եմ ասել՝ մի հատ լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող ա պիպետկեքը կողքերը թափած լինի»,-ասաց նա:

Քրիստինե Վարդանյանն արձագանքեց. «Նայեք ում գրպանն ուզում եք, եկեք գնանք իրար հետ հանձնենք թեստեր ու տեսնենք՝ ում գրպանում ինչ կա ընդհանրապես: Դուք ֆուտբոլի մեկնաբան չեք»:

Պապոյանի հրահանգով անջատեցին Վարդանյանի խոսափողը եւ չլսվեց նրա խոսքի ավարտը:

«Լռեք, պապանձվեք: Ես եմ որոշում՝ խոսեք, թե ոչ: Ես եմ նիստը վարում»,-ասաց Պապոյանը: