Արշակ Կարապետյանը տեսիլքի պես հայտնվեց, տեսիլքի պես անհետացավ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը շաբաթներ առաջ քաղաքական հայտ ներկայացրեց, հանդես եկավ հայտարարությամբ ու դրանից հետո որեւէ տեղեկություն իրենից չկա:

«Նա ինչ-որ թուղթ կարդաց, հայտ ներկայացրեց, այդ հայտն ո՞ւր կորավ: Ակնկալում էր մեծ աջակցություն, բայց ստացավ զրո աջակցություն: Արշակ Կարապետյանը պետք է մտածի, որ ինքը նշանակվել է պաշտպանության նախարար եւ զինված ուժերում արձագանքն այնպիսին էր, որ ինքն ունեցավ զրո արձագանք: Տպավորություն էր, որ այդ հայտարարությունը պատրաստել, տվել էին իր ձեռքը, որ գար, կարդար ու անհետանար: Գուցե հետախուզությունում այդպե՞ս են սովորեցրել իրենց: Բայց հետախուզությունը նաեւ սովորեցնում է՝ անպոչ գդալի պես չմտնել քաղաքական դաշտ»,-ասաց Քոչարյանը: