Այսօր աշխարհում զարգացումներն այնպիսին են, որ ոչ մի երկիր ոչ մի երկրի անվտանգության երաշխիք չի տալիս. Հետեւաբար Ֆրանսիան մեզ անվտանգության երաշխիք եւ խոստում չի տալիս եւ չի տալու, ոչ էլ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտըպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ադրբեջանին անվտանգության երաշխիք տվել է միայն Թուրքիան, մեզ անվտանգության երաշխիք եւ խոստում տվել է Ռուսաստանը: Վիճելի է, թե ինչքան է կատարվել, բայց այդ երաշխիքները և գործընկերությունը երկկողմանի է լինում, միակողմանի չի լինում: Հիմա ինձ հետաքրքիր է, թե Ֆրանսիայի հետ երկկողմանի ինչ պարտավորություններ կա, բացի վճարները, որոնք ուղղվելու են Հայաստանի բյուջեից՝ զենքի դիմաց: Զենքի շուկան խանութից առեւտուր անել չի, կան լուրջ հեռանկարային խնդիրներ, որը մեզ համար կարող է լինել նաեւ խնդրահարույց:
Մենք գիտենք, որ մեր տարածաշրջանում ԵՄ-ից բացի շահեր ունեն նաեւ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան: Արդյոք մի փոքր օգուտը մի մեծ վնասի չի վերածվի»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Անդրադառնալով արտաքին վեկտորը փոխելու խնդրին, նա ասաց. «Ես վստահ եմ, որ Նիկոլն իր աթոռը պահելու համար փորձելու է արտաքին վեկտորը փոխել փորձելու է տարածաշրջանում Ռուսաստանից հրաժարվել, ինչը չի հաջողվելու, որովհետեւ Ռուսաստանից հրաժարվելն անհնարին է: Այսօր Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ ռուսական կախվածության մեջ են: Մեր տնտեսության ճնշող մեծամասնությունը կախում ունի Ռուսաստանից, մեր հայրենակիցների մի հսկա հատված Ռուսաստանից, ռուսական միջավայրից ունեն ուղղակի եւ անուղղակի կախվածություն եւ կապեր: Մենք պետք է ՌԴ իշխանությունների համար լինենք հասկացված»:
Զաքարյանը նկատեց, որ Հայաստանի քաղաքականությունը միշտ եղել է հավասարակշռված, բայց ՀՀ իշխանությունները դա այսօր խախտել են. «Էլ ավելի խորացնում են դա ավելի ու ավելի վտանգավոր դարձնելով Հայաստանի համար: Եթե 44-օրյա պատերազմից հետո ռուսական խաղաղապահները եկան, ՌԴ-ն շահագրգիռ էր, որ պատերազմն օր առաջ կանգնեցվի, եւ անվտանգության մեխանիզմներ դրվեն, ապա հիմա դա կարող է չլինել: Երեք տարի այդ մեխանիզմները գործեցին, հետո չգործեցին: Ինչո՞ւ չգործեցին, ՌԴ-ն ունի իր բացատրությունը, Հայաստանը չի տվել այդ բացատրությունը: Ռուսաստանը պաշտոնական մակարդակով ասել է՝ եթե Պրահայում այդ հայտարարությունը չլիներ, այսպես չէր լինի: Հայաստանը չի ասում հակառակը, չի ասում՝ չէ, Պրահայի հայտարարությունը կապ չունի»:











