Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա։ Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը։

Նա դա անվանել է քաղաքական որոշում։ Պատգամավորը նշել է, որ Հայաստանը 1991-ից եվրաինտեգրման գործընթացում է՝ հավաստիացնելով, որ մեկը մյուսին չի խանգարում։ «Մենք Եվրամիության հետ ստորագրել ենք երկու համաձայնագիր, այդ թվում մեկը 1990-ականներին։ Այն ժամանակ մենք դարձանք Եվրոպայի խորհրդի անդամ։ Դա եւս եվրաինտեգրման փուլ է, եւ նման փուլերը շատ են»,- նշել է Եղոյանը։

Նրա խոսքով՝ ապագայում Հայաստանը կարող է նախատեսել անդամակցել ԵՄ-ին, բայց ներկա պահին նման ծրագրեր չկան։ «Ներկա պահին  մենք ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագրի իրականացման փուլում ենք, որը պետք է ավարտվի 2026-27թթ.։ Իսկ Ասոցիացման մասին համաձայնագիրը մեր կողմից ստորագրված համաձայնագիր է՝ չհաշված ազատ առեւտրի բաղադրիչը։ Ներկա պահին մենք զբաղվում ենք մեր ապրանքների որակի բարձրացմամբ՝ մինչեւ եվրոպական չափորոշիչներին հասցնելը»,- ավելացրել է խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ ներկայում ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Ռուսաստանը։