Եթե դու որոշել ես բեւեռի փոփոխություն անես, հեչ պարտադիր չի, որ այնպիսի փոփոխություն անես, որ Ռուսաստանին դարձնես քեզ թշնամի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին:
«Ես կարծում եմ, որ եթե դու ուժի տեսանկյունից վստահ չես զգում քեզ, այդքան ուժեղ չես, եւ մի փոքր էլ ծնկած վիճակում ես, եւ որոշել ես բեւեռի փոփոխություն անես, հեչ պարտադիր չի, որ այնպիսի փոփոխություն անես, որ Ռուսաստանին դարձնես քեզ թշնամի: Դու Ռուսաստանի հետ կարող ես աշխատել, կարող ներկայացնել քո անհամաձայնությունները ու հանրության մոտ առաջացած հիասթափութունները ներկայացնես ռուս գործընկերներին եւ փորձես նոր օրակարգ: Դրա հետ միասին ռուսների հետ շատ պարզ ձեւով ասել, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք եւ ունեմ ձեզ հարցեր, սպասում եմ այդ հարցերի պատասխանին ու ադեկվատ քայլեր Ռուսաստանից, բայց նաեւ տեղեկացնում եմ, որ դիվերսիֆիկացիայի առումով աշխատելու եմ Արեւմուտքի հետ:
Ես դա նաեւ սեփական փորձով գիտեմ, երբ որ դու քո ռուս գործընկերոջ հետ բաց տեքստով նստում ես եւամեն ինչ ասում ես քո մտադրությունների մասին, ինքը դրանից ավելի հանգիստ է տանում ամեն ինչ, քան չիմանալով՝ թե դու ինչ ես ուզում, ինչ ես պատրաստում իր համար: Վերջիվերջո, այո, մենք բոլորս ունենք հարցեր Ռուսաստանի հետ, հիասթափված ենք Ռուսաստանից, զգայական մակարդակով, շատ դեպքերում մենք ինքներս ոչինչ չձեռնարկելով, բայց ավելին սպասելով ռազմավարական գործընկերներից, հաշվի չառնելով, թե ինքը ինչպիսի աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ է եւ ինչպես է դիմակայում այդ ամեն ինչին, մենք ինքներս մեր ներսում խնդիրներ ունենք, որ այդ ամեն ինճչը չենք կարգավորել»,-ասաց նա:
Անանյանը կարծում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե արեւմտամետ է, այլ թուրքամետ է. «Մեր իշխանությունները որպես բեւեռ ընտրել են տարածաշրջանային գործող Թուրքիային, այլ ոչ թե Արեւմուտքին, ավելի շատ սրա մասին է խոսքը»:
Դավիթ Անանյանի կարծիքով՝ շատ կարեւոր գործընկերներ ունի Հայաստանը՝ ի դեմս Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի:
ՊԵԿ նախկին նախագահն անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ դրա միակ էական հաջողությունը՝ Բաքու-Կարս- Թբիլիսի երկաթգծի շահագործումն է, որն ավելի շահավետ է, իսկ ներկայիս ձեւաչափով այն հանդիսանում է միջանցք թուրքական աշխարհի համար:
«Դա թուրանյան ուղի է կոչվում թուրքական լրատվամիջոցներում, խաչմերուկի մի հատված կա՝ Հյուսիս-Հարավը, որը մեզ հետաքրքրում է, դրա հետ էլ լուրջ հարցեր կան, որովհետեւ այն 2000- ականներին դեռեւս Ռուսաստան, Չինաստան, Հդկաստան համաձայնությամբ է եղել, եւ այսօր Ռուսաստանը այն Ադրբեջանի տարածքով է դիտարկում, քանի որ ՀՀ-ն անհասկանալի է առնվազն բոլորի համար»,-ասաց նա:











