Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնադզորի» հրապարակած նյութերը և ուսումնասիրում ենք դրանք, որպեսզի հասկանանք, թե ինչքանով են մեր տնտեսվարողների արտադրած ապրանքները անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք ՌԴ-ն կիրառում է։ Այս մասին յսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հարցին՝ տեսնում է քաղաքական տարրեր այս գործընթացներում, նախարարը ասաց․ «Ես այդպես չէի ասի, մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է վերադարձվում և հետո երկու օրվա մեջ ևս 35 մեքենա։ Դա այն դեպքում, երբ մատակարարները իրենք ապրանքների որակի մեջ որևէ փոփոխություն չեն արել»։
Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում գործողություններ է սկսել՝ խնդիրները լուծելու համար. «Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում»,- ասաց Քերոբյանը:
Լրագրողի հարցին՝ ռուսական շուկային որպես այլընտրանք ստեղծվե՞լ է մեկ այլ արտահանման շուկա, Քերոբյանն ասաց․ «Ի՞նչ է նշանակում արտահանման այլընտրանք ստեղծել, այսինքն այդ ապրանքը այսօր հնարավոր չէ՞ արտահանել Իրաք, ԱՄԷ և այլն։ Ցանկացած արտահանող ինքը պետք է բանակցի իր գնորդների հետ և իր ապրանքը վաճառի տարբեր շուկաներում։ Կառավարությունը օգնում է, որ տասնյակ արտահանողներ գնան Չինաստան ցուցահանդեսի, այնտեղ ձեռք բերեն նոր գործընկերներ և այլն»։
Հիշեցնենք, որ Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող Ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը հայտնել էր, որ խնդիրը միայն հայկական բեռնատարների հետ կապված չէ, խիստ հսկողություն է Ռուսաստան մտնող բոլոր մաքսակետերում:











