Գիտեք, երբ իրենց ընտանիքի կողմից վճարվող մարդիկ են նման բաներ ասում, ես մտածում եմ, որ դա պատվեր է, որ կատարում են, բայց երբ  ինքը անձամբ գալիս է և դժբախտ պատահարը ներկայացնում է որպես արարք, դա առնվազն սազական չէ մարդուն, ով քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ ունի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ Փաշինյանին ուղղված հարցին, որը վերաբերում էր Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած հայտնի վթարին։

«Վարչապետը ո՛չ մեքենա է վարել,  ո՛չ դա նրա մեքենան է եղել, ո՛չ ինքն է նման հրաման տվել՝  ի տարբերություն հայտնի դեպքերի։ Ո՞նց կարելի է այդ դժբախտությունը բերել փորձել վերագրել  իշխանությանը, դա շատ ցածր ու տգեղ բան է։  Կարծում եմ՝ հետագայում իրենք իրենց չպետք է թույլ տան նման բան անել։

Դժբախտ պատահար է տեղի ունեցել, որից հետո վարչապետն անձամբ զանգահարել է ընտանիքի ներկայացուցիչներին, ցավակցել է, եթե չեմ սխալվում՝ նույնիսկ ներողություն է խնդրել, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Ոնց կարելի է այդպիսի բան անել։ Ցածր բան է նման համեմատություն անելը եւ փորձել դա իշխանությանը վերագրել։ 

Եթե իրենք դրանով փորձում են այս դեպքի ու այն արարքների միջև, որ հանրությունը առնվազն  իրենց է մեղսագրում, հավասարության նշան դնել, ապա ապարդյուն է, թող չփորձեն։ Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծակի իրենց հետ չխառնեն»,- ասաց Սիմոնյանը։