«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ, 2011թ. հոկտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել հանուն Թռչկանի ջրվեժի փրկության պայքարողը (հավաքական կերպար):
«Որպեսզի Հայաստանի ամենահիասքանչ ջրվեժներից մեկը չդառնա ՀԷԿ, միմյանց ճանաչեցին եւ բնապահպանների հետ միասին պայքարի ելան մինչ այդ բնապահպանության հետ որեւէ առնչություն չունեցող հարյուրավոր երիտասարդներ, իրենց սոցիալական կարգավիճակով, կրթությամբ, անհատական առանձնահատկություններով միանգամայն հակադիր բեւեռներում գտնվող մարդիկ: Նրանց միավորում է Հայաստանում առկա ամենաթողությունը, որի զոհն են դառնում ոչ միայն մեր քաղաքացիները, այլեւ բնաշխարհի հրաշալիքները: Անտեսելով շիրակյան ցուրտը` երիտասարդներն այս օրերին իրական մի վրանային քաղաք են կանգնեցրել Թռչկանի մերձակայքում` գիշեր-ցերեկ պաշտպանելով ջրվեժն ընդմիշտ լռելու վտանգից: Այս պահին էլ նրանք այնտեղ են, իսկ բնապահպանության նախարարը ձեւ է բռնել, թե ոչինչ տեղի չի ունենում:
Թռչկանի փրկության շարժման կարգախոսներից մեկն է` «ՀԷԿտի՛ր Թռչկանից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Չենք լռելու»-ի կողմից, սեպտեմբերին Ամսվա մարդ է ճանաչվել ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Կարեն Կարապետյանը` անսպասելի, տարբեր ենթադրությունների առիթ տված ու մինչ օրս իր կողմից չբացատրված հրաժարականի համար:
Օգոստոսին Ամսվա մարդ ճանաչվել էր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում կալանքը ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի առիթ էր հանդիսացել:











