Խիստ տարօրինակ է, որ Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանին նման ծանրագույն մեղադրանք են առաջադրվել՝ քաղաքական իշխանության բռնազավթման փորձ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հայոց Աշխարհազոր» ռազմաքաղաքական ՀԿ քարտուղար Վարդան Խաչատրյանը։

«Մեղադրանքի ծանրությունը շատ բանով մեզ ստիպեց սպասել գործի հանգուցալուծմանը: Մեզ համար շատ տարօրինակ էր ձերբակալությունը»,- ասաց նա՝ թվարկելով այն կետերը, որոնք տարակուսանք են հարուցում եւ իրենց մեջ կրում են շատ լուրջ համահասարակական բնույթի վտանգ:

«Մեղադրանքն առ այսօր առկախված է օդում, չունի որեւէ իրավական, ուսումնասիրությունների արդյունքում շաղկապման հիմքեր, եւ այդ դատարկության մեջ անընդհատ հետաձգվում է Ալբերտ Բազեյանի ազատ արձակվելը, թեկուզ տնային կալանք տալը»,-ասաց Վարդան Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ բանտում Բազեյանի առողջական վիճակը գնալով վատանում է, գրեթե անդամալույծի կարգավիճակում է։

«Ակնհայտ է, որ իրեղեն ապացույցների բացակայության, տրամաբանական փաստարկումից զուրկ, կոպիտ ճերմակ կարկատաններով այս գործը կամայական դատարանում կարող է քանդվել: Դատական ատյանը շարունակում է այս գործը որպես յուրօրինակ պատժամիջոց: Ալբերտ Բազեյանի գործն անհասկանալի, ապօրինությունների դաշտում է գտնվում։  Եթե սա սարքովի գործ է, ինչը հենց այդպես է, ուրեմն, իշխանություններն ունեն ինչ- որ մտահոգություններ կապված այն բանի հետ, որ Ալբերտ Բազեյանը կարող է լինել այնպիսի առանցքային կերպար, որի շուրջը կարող է  համախմբվել հասարակական այնպիսի զանգված, որը վիճարկի երկրում գոյություն ունեցող ընթացքը»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Բազեյանին պատժում են, բայց ապացույցներ չկան։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրում է վարչապետ Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելու, նաև իշխանության զավթումը կազմակերպելու համար։ Վերագրվող արարքները, սակայն, ըստ իրավապաների, Բազեյանը ավարտին չի հասցրել անկախ իր կամքից։