Տեսչական մարմինն այսօր՝ հունվարի 21-ին ստուգումներ է իրականացրել Գումի շուկայում մսի վաճառքով զբաղվողների շրջանում:
ՍԱՏՄ Երեւանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախապես չեն խանութում, որ ստուգումներ եւ մշտադիտարկում է լինելու:
Նրա խոսքով, մսի վաճառակետերից մեկը տուգանվել է. «Խնդիր ունենք կնիքների մասով, նշված չէ համար 5 ձեւի անասնաբուժական վկայականի համարով կնիքը, որպեսզի հնարավոր լինի տվյալ միսը նույնականացնել տվյալ սպանդանոցի թղթի հետ՝ արդյոք տվյալ միսը սպանդանոցում է մորթվել, թե ոչ: Խոզի մսի մասով նաեւ տեղեկատվական թերթիկն էր բացակայում:
Հիմա արձանագրություն է կազմվելու տեղեկատվական թերթիկի մասով եւ կնիքի բացակայության մասով: Եթե ինքը չունենար 5-րդ ձեւի վկայականը, այդ դեպքում մսեղիքը կոչնչացվեր, իսկ այս դեպքում արձանագրությունը ենթադրում է տուգանք եւ պարտադիր հանձնարարական տվյալ խախտումները, թերությունները շտկելու համար, որի համար ժամկետ է տրվում: Տուգանքի չափը տեղեկատվական թերթիկի բացակայության դեպքում 200-500 հազար դրամ է, իսկ կնիքի բացակայության դեպքում՝ 50 հազար դրամ է»,-ասաց տեսչական մարմնի ներկայացուցիչը՝ նշելով, որ այս դեպքում երկու խախտումն էլ առկա է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում











