Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման և խորացման առումով երկար ճանապարհ կա անցնելու։ Այս մասին հունվարի 10-ին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը վստահեցրեց, որ սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ ու ծրագրեր՝ բխող SEPA գործող ծրագրից և ոչ միայն։ «Երկխոսությունը երկար է, և մենք հենց նոր լսեցինք համագործակցության Հունաստանի պատրաստակամության հավաստիացումները։ Մենք, անշուշտ, կհիմնվենք այս հավաստիացումների վրա։ ՀՀ-ն իր հերթին ինտենսիվորեն շարունակում է բարեփոխումների գործընթացը տարբեր ոլորտներում, և մենք վստահ ենք, որ դրանք էլ իրենց հերթին Հայաստանը մոտեցնում են ԵՄ-ին»,- նշեց Արարատ Միրզոյանը:

ԵՄ-ի հետ երկխոսության համատեքստում Միրզոյանն ընդգծեց, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի համար էկզիստենցիալ նշանակություն ունի անվտանգության ոլորտում։ «Սա Ադրբեջանի հետ սահմանին անվտանգությունն ապահովող գործոն է, և սա հետևողական շարունակության կարիք ունեցող թեմա է»,- նշեց Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն վերջերս որոշել է մեծացնել և երկարաձգել առաքելության մանդատը, ինչը Հայաստանը ողջունել է։