Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարոն Ֆարոխյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին փաստաբանները գործով մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանին բացարկի միջնորդություն ներկայացրին։

Մինչեւ միջնորդություն ներկայացնելը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը հարց ուղղեց դատախազին.

«Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ ինչպիսի՞ հարաբերություն ունեք»։

Դատախազը հրաժարվեց պատասխանել հարցին։

Ալեքսանդր Կոչուբաեւը հայտարարեց, որ նույն դատախազը հանդիսացել է նաեւ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող դատախազը։

Փաստաբանը դատարանում հրապարակեց նաեւ տեսանյութ, որակելով այն որպես մտերմիկ զրույց դատական նիստերի դահլիճում։

«Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանը ընտրվեց Լեւոն Քոչարյանին մեղադրող դատախազ, երբ նա եղել է նաեւ Աշոտ Փաշինյանին՝ որպես տուժող՝ մեղադրանքը ներկայացնող դատախազ։ Աշոտ Փաշինյան, Լեւոն Քոչարյան եւ նույն դատախազ. ինչպե՞ս է ստացվում»,- նշեց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ քրեական վարույթը քննվել է չափազանց «ծուռ» է. «Գործը սկսել է քննվել Շենգավիթում, հետո փոխանցվել է Կենտրոն, հետո քննվել է որպես ծանր հանցագործություն»։

Դատախազն էլ իր հերթին առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ այն անհիմն է։

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեեւ միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լեւոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։

Լեւոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որեւէ հակաիրավական գործողություն չի արել, եւ, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։

Նախաքննության ընթացքում փաստաբանները միջադեպից պարբերաբար տեսանյութեր են հրապարակել։ Օրինակ՝ տեսանյութերից մեկում երեւում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լեւոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարքով բռնություն է գործադրում, մյուս դրվագում Լեւոն Քոչարյանին ավտոմեքենայում ծեծի են ենթարկել։ Փաստաբանը պատմել են, որ երբ Լեւոն Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժին, նա խնդրել է բժշկական զննություն, սակայն մոտ կես ժամ իրավապահները մերժել են խնդրանքը։

Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։