Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ գյումրեցի չորս տղամարդիկ խմբի կազմով Գյումրու տարբեր վայրերից կատարում են բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ, ինչպես նաև պահում, պատրաստում և իրացնում են թմրանյութեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկութունները ստուգվեցին և հաստատվեցին, իսկ փետրվարի 20-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին կասկածյալների և նրանց հետ հնարավոր հանցավոր և ընկերական կապեր ունեցող ևս ինը անձանց բնակության վայրերում:
Խաչատրյան փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդու տանը կից ավտոտնակում հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող 7 գրամ զանգված, ինչպես նաև փետրվարի 14-ին Ղանդիլյան փողոցի մի տնից գողացված ճամփորդական պայուսակ՝ կնոջ և տղամարդու իրերով։
Մատնիշյան փողոցի 41-ամյա բնակչի տան տարբեր հատվածներից հայտնաբերվեցին կանեփի սերմեր, 7,38 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացված հետքերով կաթուցիչներ, դիազեպամի դեղահաբ, ինչպես նաև Ղանդիլյան փողոցի տնից գողացված էլեկտրական մսաղաց։
Ղանդիլյան փողոցի 34-ամյա բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվեց 3,53 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Անի թաղամասի 31-ամյա բնակչի տանը հայտնաբերվեցին մոխրացված հետքերով կաթուցիչ և պոլիէթիլենային պարկ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Նրանց ընկերների տներից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ, կանեփի սերմեր, հրացան, փամփուշտներ ու էլեկտրական գործիքներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 41-ամյա երկու տղամարդիկ պանրի չգործող արտադրամասի հաստոցների վրայից գողացել են էլեկտրական երկու շարժիչ և վաճառել։ Իրենց ընկերոջը նրանք վաճառել էին նաև Կոմինտերնի փողոցի մի տնից անցած տարի գողացած էլեկտրական հորատիչը, որը խուզարկությամբ հայտնաբերվել է:
Վեց անձ ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Առաջին երկուսի` 41-ամյա տղամարդկանց նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել կալանքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:











