ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր՝ մարտի 8-ին, Երևանի Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող իրենց բնակարանում «Հեղափոխությունից-հեղափոխություն, գեղագիտությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդես է կազմակերպել:
«Այստեղ ես աշխատել եմ, դրա համար ցուցահանդեսն այստեղ եմ անում»,-ասաց Աշոտ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ ծնողները այցելելո՞ւ են ցուցահանդես, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, չգիտեմ, այդպես հատուկ ոչ մեկին չեմ հրավիրել, որովհետեւ ցուցահանդեսը շատ արագ է ստացվել, հրավիրատոմսի տրամաբանությամբ չեմ անում: Տեղյակ են եւ կգան այն ժամանակ, երբ հարմար կլինի իրենց»:
Անդրադառնալով ցուցահանդեսին, Աշոտ Փաշինյանն ասաց. «Ցուցահանդեսի խորագիրը, որ կոչվում է «Գեղագիտությունից գեղագիտություն, հեղափոխությունից հեղափոխություն», դա այն մասին է, որ մեզ համար, ինձ համար որպես գեղանկարիչ, որպես հեղափոխական կամ հեղափոխության հետ կապ ունեցող մարդ, ես համարում եմ, որ գեղագիտությունը հեղափոխության կարեւոր հարցերից մեկն է: Գեղագիտությունից գեղագիտություն, հեղափոխությունից հեղափոխություն, այդ բառախաղը այն մասին է, որ հեղափոխական պրոցեսը միշտ ներկա է ամեն տեղ:
Գեղագիտությունն ու գեղեցկությունն առհասարակ քաղաքականության ամենակարեւոր հարցերից մեկն է»:











