Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանն առաջարկեց  օրակարգից հանել տրանսպորտի թանկացման նախագիծը:

«Վստահաբար այն ամբողջովին մշակված չէ։ Նաև առաջարկում եմ բոլոր հարցերը դարձնել զեկուցվող»,-ասաց նա:

Թորոսյանը տեղեկացրեց, որ տրանսպորտի ուղեվարձի սակագնի հարցի շուրջ իրենք հրավիրել են փորձագետ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, որին թույլ չեն տալիս մտնել քաղաքապետարանի շենք. «Փորձագետ ասելով՝ նկատի ունեմ լավ տեղեկացված անձնավորություն է, որի մուտքն արգելվում է, ոստիկանները չեն հասկանում ինչ ասեն՝ թույլ տան, թույլ չտան։ Օրենսդրության համապատասխան հրավերը կայացվել է, իսկ ներքին հրամանը, որը գործում է, չի կարող վեր դասվել օրենքից»։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցող, իսկ տրանսպորտի  սակագնի մասին փաթեթը հանել օրակարգից։

Այնուհետև Ավինյանը հայտարարեց, որ օրակարգը հաստատելու մասին հարցը դնում են քվեարկության. «Խմբակցությունների առաջարկները մենք լսեցինք... Կներեք էլի, թողեք ես իմ լիազորությունների շրջանակում գործեմ։ Ժողովուրդ  ջան, այն, ինչ ձեզ դուր չի գալիս, դա մի բան է, ինչ ընթացակարգն է  ենթադրում, այլ բան է»,- ասաց նա:

Այնուհետև քաղաքապետը հայտարարեց, որ օրակարգը հաստատված է։

«Կարո՞ղ  եմ հասկանալ, թե ինչո՞ւ երկրորդ անգամ քվեարկություն եղավ»,- հարցրեց Թորոսյանը։

«Պարոն Թորոսյան, ձեր բարձրաձայնած հարցը օրակարգը հաստատելու կամ չհաստատելու մասին չէ։ Ես  լսեցի ձեր առաջարկը։ Առաջարկվում է  այն տրամաբանությամբ, որը քաղաքապետն է առաջարկում։ Եթե ուզում եք դեմ քվեարկեք, ձեր իրավունքն է»,- ասաց Ավինյանը։

Թորոսյանը շարունակեց. «Նոր հարցը դրեցիք քվեարկության, չանցավ,  27 էր կողմ։ Նորից քվեարկեցիք»։

«Որովհետև ընթացքում բոլորդ խոսեցիք, քվեարկությունը կիսատ մնաց։ Մարդիկ չհասկացան ինչ տեղի ունեցավ, հետո մեծամասնությունը կողմ քվեարկեց։

Խնդրում եմ՝ միկրոֆոնը տեղի-անտեղի մի միացրեք։ Մանկապարտեզ ենք խաղալո՞ւ։ Ժողովուրդ ջան, ավարտվեց»,- արձագանքեց Ավինյանը։

«Զոռով չեն անցկացնում»,- ասաց Թորոսյանը։

«Զոռովի հարց չէ, պարոն Թորոսյան։ Իրոք մանկապարտեզ եք անում։ Ընդհատեցիք ինձ, ոչ մեկ չլսեց՝ ինչ եմ ասում։ Հետո 36 կողմով անցավ»։

Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:

Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով  նախատեսվում է ՝

«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: