Ընթերցանության համար՝ 5, ծրագրի համար՝ 2. Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, պարոն Ավինյան, գուցե ճապոներեն բացատրենք՝ հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ, որ չզեկուցվող հարցեր պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի ավագանու նիստում դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ասաց «Ազգային ռաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը:
«Դուք այսօր 24 հարց եք բերել չզեկուցվող: Մի մասը հանեցինք, մեկը զեկուցվող դարձրեցիք, բայց այդ 24 հարցի մեջ կա հողի նշանակության փոփոխություն, բյուջեում փոփոխություն, անվանափոխություններ: երեւանցին չունեցավ հնարավորություն լսելու որեւէ հարցի շուրջ քննարկում: Ինչի՞ց եք վախենում, կարո՞ղ է քվորում չեք ապահովի, եթե մի քիչ երկար տեւի այս նիստ»,-ասաց նա:
Տեղից «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ասաց. «Հայկոն ա չզեկուցվողների էս նախագիծը բերել»:
Գրիգորի Երիցյանը շատ կոշտ արձագանքեց. «Դու ձեն կտրի, քո հերթը չի հիմա»:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Պարոն Երիցյան, դուք ձեր չափերը մի անցեք: Եվ սա զգուշացում է ձեզ, պարոն Երիցյան: Մի մոռացեք՝ որտեղ եք գտնվում : Սա առաջին զգուշացումն է ձեզ: Ուզում եմ հիշեցնել, հարգելի գործընկերներ: Դուք կստանաք զգուշացում, եթե այսպես շարունակեք, դուք կզրկվեք ձայնի եւ հարց տալու իրավունքից: Եթե շարունակեք, այս դահլիճից դուրս կգաք եւ չեք մասնակցի այսօրվա նիստին: Հետեւապես խնդրում եմ՝ ձեր չափերը ճանաչեք»:
Անի Խաչատրյանը տեղից նետեց. «Հայկոյից խոսացեք», ինչին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներից մեկը հարց ուղղեց. «Բա իրեն ոչ մի բան չեք ասո՞ւմ»:
Ավինյանը որոշեց Անի Խաչատրյանին էլ դիտողություն անել. «Տիկին Խաչատրյան, իրոք, խնդրում եմ էլի ձեզ»:
Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:
Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝
«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:











