Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ մարտի 21-ին, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստին նրա փաստաբանները ներկայացրին իրենց բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատաճռի դեմ։
Փաստաբան Արմեն Անդրիկյանի խոսքով՝ սկզբից մինչեւ վերջ այդ քրեական գործը իրավաչափ չի քննվել, հետագայում, ըստ նրա, նաեւ դատարանում չի հաստատվել դրա՝ ոչ իրաչափ եւ անօրինական լինելը․
«Եթե մենք ի սկզբանե օրինակ՝ վերցնում ենք անհայտ աղբյուրից լինելու հանգամանքը այս ձայնագրության, այն բացի այն, որ դրանից բխող բոլոր հնարավոր ապացույցները պետք է ճանաչվեին անթույլատրելի, այնուամենայնիվ գործի հանգամանքում կան մի շարք ապացույցներ, որոնք ինքնին անթույլատրելի ապացույցներ են։ Նախաքննության ողջ պրոցեսում Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանքի տակ, դատաքննության փուլում նա գտնվում է ազատության մեջ, այնուհետեւ առաջին ատյանի դատարանի կողմից կրկին կալանավորվում է, հետո Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա ազատվում է կալանքից՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատարանը որոշում է նրան դատապարտել։ Մենք կարծում ենք՝ դատավճիռն անօրինական է»։
Փաստաբանը ներկայացրեց, թե ինչու են իրենք կարծում, որ դատավճիռն անօրինական է։
Ըստ Անդրիկյանի՝ դատավճռով թույլ է տրվել դատական սխալ, այն է՝ միջազգային պայմանագրի կամ նյութական օրենքի խախտում կամ քրեադատավարական օրենքի էական խախտում, որը կարող է ազդել գործի ելքի վրա։
«Չի կարող անհայտ աղբյուրում հրապարակված ձայնագրության հիման վրա վարույթ նախաձեռնվել։ Երբ մենք օրինակ՝ դատախազությանն ասում ենք, որ աղբյուրն անհայտ է, ասում են՝ աղբյուրը զեկուցագիրն է, բայց այդ զեկուցագրի հիմքը հրապարակումն է, որի հայտնիությունն անհայտ է։ Ստացվում է, որ ձայնագրությունը, լինելով անթույլատրելի ապացույց, դրվել է դատավճռի հիմքում»։
Փաստաբանն ընդգծեց, որ դատարանի կողմից կայացված դատավճռով խախտվել է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածով նախատեսված պատշաճ ապացուցման սկզբունքը․
«Այս պայմաններում խախտվել է Չալաբյանի նամակագրության իրավունքը։ Երբ Չալաբյանը մասնավոր զրույց է ունենում, կապ չունի, որ դա տեղի էր ունեցել հանրային վայրում, երբ մասնակիցները ակնկալել են դրա՝ մասնավոր լինելը, այս դեպքում խախտվել է նամակագրության իրավունքը։ Եթե այս ձայնագրությունն իրականցրել են օպերատիվ մարմինները, ապա գործ ունենք առանց դատարանի թույլտվության նման գործողության հետ։ Այդպես էլ այդ հանգամանքը չբացահայտվեց։ Այս դեպքում նույնպես գործ ունենք ապօրինի ապացույցի հետ»։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ներկայացրեց դատարանին, թե ինչպես է տեղի ունեցել Էմմա Սարգսյանի եւ Ավետիք Չալաբյանի առերեսումը, քննչական գործողությունը․
«Գիշերը՝ 00-ից անց գնացել ենք քննիչի զանգով, որպեսզի Չալաբյանն առերես հարցաքննության ենթարկվի Էմմա Սարգսյանի հետ։ Չալաբյանն ասում է՝ առավոտից ինձ հետ քննչական գործողություններ եք արել, կալանքի նիստի եք տարել, մի քանի ժամ սպասացրել եք։ Քանի որ Էմմա Սարգսյանը ցուցմունք էր տալիս, քննիչը զանգեց դատարան, խնդրեց որ պնդի իր ցուցմունքը, եւ պարտադիր տեղի ունենա առերես հարցաքննություն, պարոն Չալաբյանն ասում է՝ ի վիճակի չեմ, գոնե թողեք այդ անհարմար տեղը քնեմ, որ մասնակցեմ, բնականաբար քննիչը մերժում է, ու ասում՝ անհապաղ։ Մենք դատարանին ներկայացնում ենք՝ սա անթույլատրելի չէ՞, դատարանը եզրահանգում է, որ դա անհապաղ է եղել, ասում ենք՝ բայց քննիչը փաստաթղթերում չի նշել, որ այն անհապաղ է»։
Փաստաբանները հայտարարեցին, որ դատարանի կողմից իրենց իրավունքի ապահովումը Էմմա Սարգսյանի հարցաքննության ժամանակ չի ապահովվել։ Ըստ նրանց՝ փաստաբանները հնարավորություն չեն ունեցել Էմմա Սարգսյանին հարցեր ուղղել։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում էր անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել էր, թե ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու եւ որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ:











