Կառավարության շենքի մոտ այսօր` նոյեմբերի 10-ին, շարունակվել է զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների եւ «Բանակն իրականում» նախաձեռնության բողոքի ակցիան:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ակցիան անցել է բավական խաղաղ, առանց միջադեպերի: Այսօր չափազանց մեծ թիվ են կազմել ոստիկանները, որոնք ոչ միայն առանձնակի ուշադրություն էին դարձնում ցուցարարներին, այլեւ կրծքով էին փակել նրանց պաստառները: Մասնավորապես երեք ոստիկաններ կիպ կանգնել էին ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմաց` խոչընդոտելով, որ նա պահի իր պաստառը: Ի դեպ, սույն կարգը գործում էր միայն Գասպարիի եւ Լալա Ասլիկյանի պաստառների համար, մինչդեռ ոստիկանները բացարձակ չարձագանքեցին, երբ ի նշան բողոքի այլ անձինք եւս պաստառներ պարզեցին: Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով, ոստիկաններն այդկերպ մտադիր էին սադրանք հրահրել, սակայն Գասպարին անդրդվելի էր եւ մինչեւ վերջ պահեց իր պաստառը` առանց վիճաբանության մեջ մտնելու ոստիկանների հետ:

Այսօր առաջին անգամ կառավարության նիստին ներկայացել էր նորանշանակ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինս, սակայն, շենք էր մտել հետնամուտքից, եւ նիստից հետո էլ հեռացավ հետնամուտքից` այդպես էլ չշփվելով բողոքի ակցիայի մասնակիցների հետ, թերեւս աչքի առաջ ունենալով իր նախորդի` Ալիկ Սարգսյանի փորձը:

Ցուցարարները նաեւ որեւէ բառ չփոխանակեցին կառավարության շենքից հեռացող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: