Հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգացող ոլորտներից է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի խորհրդատու, տ.գ.թ, դոցենտ Հայկ Ակարմազյանը NEWS.am-ի հետ զրույցում ասում է՝ հանքարդյունաբերությունը զարգացնելու դեպքում Հայաստանը հարեւանների համեմատ նույնիսկ մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ շահույթ կարող է ստանալ:
«Ընդունված է ասել, որ մեր հարեւան երկրները հարուստ են նավթով, գազով: Բայց չի կարելի պնդել, որ բոլոր այդ երկրները բնական ռեսուրսներով Հայաստանից ավելի հարուստ են: Օրինակ՝ պղինձը, որով հարուստ է Հայաստանը, ի թիվս՝ լիթիումի, կոբալտի, նիկելի եւ հազվագյուտ տարրերի, հանդիսանում է կրիտիկական թոփ 5 մետաղներից մեկը, որոնցից կախված են ապագայի տեխնոլոգիաները՝ էլեկտրական մեքենաները, արեւային վահանակները եւ կանաչ էներգիայի կուտակման ժամանակակից մարտկոցները»,- նշում է մասնագետը։
Իսկ արդյո՞ք Հայաստանում կրիտիկական համարվող մետաղների ուղղությամբ բավարար ուսումնասիրություններ իրականացվել են․ այս հարցին պատասխանելու համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում փետրվարի 29-ին իրականացվել էր աշխատաժողով, որը նվիրված էր Լիթիումին: Աշխատաժողովի շրջանակներում Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագետները ներկայացրել էին իրենց դիտարկումները Լիթիումի վերաբերյալ ուսումնասիրությունների արդի վիճակի եւ կորզման հեռանկարների վերաբերյալ:
Արդեն մարտի 11-15-ը Հայկ Ակարմազյանը Հայաստանի անցկացված աշխատաժողովի արդյունքները ներկայացրել է Մեծ Բրիտանիայում կայացած կրիտիկական մետաղներին եւ շրջանառու տնտեսությանը վերաբերող միջոցառման ժամանակ: Այցի շրջանակներում Ակարմազյանի կողմից ներկայացվել է նաեւ Հայաստանի հաջողություններն այս բնագավառում, պղնձի արդյունաբերության առաջատար հայկական խոշոր ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը, որտեղ արդյունահանվում եւ մշակվում է աշխարհի կանաչ, ցածրածխածնային եւ շրջանառու տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող պղինձն ու մոլիբդենը:
«Արտերկրի գործընկերները հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի արդյունաբերական ոլորտի հանդեպ: Քննարկումների ընթացքում նշել են, որ մինչեւ 2030թ-ը կանաչ էներգիայի անցմամբ պայմանավորված պղնձի սպառումը կքառապատկվի, իսկ աշխարհում էկոլոգիական սահմանափակումների հետ կապված խոստումները իրականացնելու համար 54%-ով ավելի պղինձ կպահանջվի»,- ընդգծում է Հայկ Ակարմազյանը։
Նշենք, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ եւ ՄԹ առեւտրի եւ բիզնեսի դեպարտամենտի կողմից կազմակերպված այս միջոցառման ընթացքում իրականացվել են նաեւ այցելություններ ՄԹ առաջատար արտադրական ձեռնարկություններ, ինչպես նաեւ գիտահետազոտական կազմակերպություններ, որոնք կրիտիկական մետաղների հետ կապված տեխնոլոգիական լուծումների մշակմամբ են զբաղվում․ «Հնարավորություն է եղել ծանոթանալ գեոթերմալ էներգիայի եւ լիթիումի միաժամանակյա արտադրությանը, ինչպես նաեւ այցելել հազվագյուտ տարրերի, սպոդումեններից եւ հանքային ջրերից լիթիումի արտադրական ձեռնարկություններ»։
Ըստ Հայկ Ակարմազյանի՝ տպավորիչ է եղել Բրիտանական երկրաբանական ծառայություն, Քեմբորնի հանքարդյունաբերական դպրոց, ինչպես նաեւ Նյութերի մշակման ինստիտուտ այցելությունները, որի շրջանակներում հնարավոր է դարձել մասնագիտական փորձից եւ լաբորատոր սարքավորումներից օգտվելու հարցերում ձեռքբերել երկկողմ համագործակցության պայմանավորվածություն: Հարկ է նշել, որ ՄԹ ամբողջ այցելության ընթացքում ակնհայտ է եղել, թե որքան մեծ դերակատարություն ունի հանքարդյունաբերության ոլորտը Անգլիայի նման զարգացած երկրի համար, որը, չնայած չունի այնպիսի լուրջ անվտանգային խնդիրներ, ինչպես Հայաստանի դեպքում, բայց հետեւողական աշխատանք է տանում կլիմայի փոփոխությամբ, գլոբալ տաքացմամբ պայմանավորված մետաղների պահանջարկի սպասվող աճի պայմաններում համաշխարհային տնտեսության մեջ իր տեղն ունենալու գործում, մշակում եւ աշխարհին կրիտիկական մետաղների պատասխանատու արդյունահանման նոր տեխնոլոգիական լուծումներ է առաջարկում»։
Մասնագետի կարծիքով՝ եկել է Հայաստանում հանքարդյունաբերության նկատմամբ կարծրատիպային, բացասական ընկալումը դրականով փոխելու ժամանակը։ Հանքարդյունաբերությունը զարգացնելու դեպքում Հայաստանը հարեւանների համեմատ նույնիսկ մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ շահույթ կարող է ստանալ․ «Իհարկե այս գործում մեծ է նաեւ կրթության կարեւորությունը. ծնողները առաջանցիկ քայլ պետք է կանեն, եւ եթե իրենց երեխաները ընտրեն քիմիական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտություններ, կդառնան բարձր վարձատրվող մասնագետներ այս ոլորտում, քանի որ հստակ է, որ ապագան մեծ պահանջարկ ունեցող, այդ թվում կրիտիկական նշանակության մետաղներն են, ինչպես նաեւ դրանց մաքուր արդյունահանման հետ կապված տեխնոլոգիաներն են»։











