Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ  եւ դրանից օգտվելով մեր հակառակորդը՝ Ադրբեջանը, նաեւ հաշվի առնելով մեր երկրի ղեկավարի կրավորական կեցվածքը, ունակությունները նպաստում է նրան, որ մեր երկրի շուրջ օղակը սեղմվում է: Այս մասին Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանը այդ ամենը հաշվի առնելով ամեն մի ժամանակահատվածում մի նոր բան գտնելու է: Սա հայ ժողովրդի, ՀՀ լինելիության հարցն է: Ես երեկ եղել եմ Ոսկեպարում, հանդիպել եմ Ոսկեպարի մեր հայրենակիցների հետ: Բավականին բարդ վիճակ է, վրդովված է ժողովուրդը: Վրդովված է ոչ թե նրանից, որ թշնամի կա մեր դիմացը, այլ վրդովված է նրանից, որ երկրի ղեկավարությունը գալիս է սահման և փոխանակ ոգևորի, համապատասխան պայմաններ ստեղծի՝  երկրի անվտանգությունը ամրապնդելու համար, համայնքները հանձնելու պատրվակով՝ վախեցնում է պատերազմով»,- ասել է ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշել է, որ եթե խոսքը գնում է սահմանների ճշգրտման մասին, ապա այդ սահմանները ճշգրտելիս առաջինը Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ հակառակորդը մեր տարածքում է գտնվում։

«Հակառակորդը մեր տարածքում է գտնվում, կառավարության ղեկավարն ասում է, որ որևիցե մի քարտեզի շուրջ պայմանավորվածության չեն եկել և  քարտեզի վրա չեն աշխատել, ու հետո,  այդ ամենը հաշվի չառնելով, շրջանցելով՝ գնում, գյուղացիներին սպառնում է՝ եթե դուրս չգաք, մեկ շաբաթ, 10 օր, մեկ ամիս՝ հակառակորդը կարող է հարձակվել։ Ես ոսկեպարցիներին ու հարևան գյուղերի բնակիչներին ասել եմ հետևյալը՝ նրա գործունեությունն ապօրինի է, իսկ ձեր ժողովրդական ընդվզումը, ձեր իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիական պահվածքը՝ օրինական․ սահմանադրական ձեր իրավունքն է»: