Երևանի բնակիչ Աստղիկ Մարտիրոսյանը անելանելի վիճակում է հայտնվել: Սեպտեմբերին վթարից հետո մեքենան Ճանապարհային ոստիկանության հայտնի ստորաբաժանումներից մեկի՝ «Փոսի գայի»  տուգանային հրապարակ էին տարել, սակայն մեքենայի համար հրապարակում տեղ չէր գտնվել, բաժնի աշխատակիցների որոշմամբ այն կայանվել էր հարակից տարածքում: Ամիսներ անց՝  փետրվարի 2-ին՝ վթարի գործով քննության ավարտից հետո, երբ Աստղիկ Մարտիրոսյանը  փաստաթղթերով գնացել էր ոստիկանություն՝ մեքենան վերցնելու, հայտնաբերել էր, որ այն թալանված է:

Ներքին գործերի նախարարությունից Աստղիկի դիմումներին ի պատասխան հայտնել են, թե քրեական վարույթի ավարտից և գողությունը կատարողին հայտնաբերելուց հետո միայն նա կարող է փոխհատուցում ստանալ, և այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչու՞ տուգանային հրապարակ բերված մեքենան չի վերահսկվում և ինչու՞ է կայանվում մի վայրում, որտեղ անգամ տեսախցիկ չկա:

Դեպքից երկու ամիս է անցել, սակայն Աստղիկ Մարտիրոսյանը քրեական գործում տեղաշարժ չի տեսնում․ դատարան դիմել էլ չի ցանկանում՝ ժամանակը, միջոցներն ու նյարդերն այլևս չեն բավականացնում:

Տուգանային հրապարակից դուրս ավտոմեքենաների կայանումը ոչ միայն վարորդներին է անհանգստացնում, այլև թաղամասի բնակիչներին: 59-ամյա Ռուզաննան, որը ճանապարհային ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ է ապրում, նշում է՝ շուրջ 2 տարի է մեքենայով փողոց մտնել հնարավոր չէ՝ փողոցի երկայնքով 2 կողմից տուգանային հրապարակ բերված մեքենաներն են շարված:

Մեր հարցերին, թե արդյո՞ք թույլատրելի է տուգանային հրապարակ բերված մեքենաները այլ տարածքներում կայանելը, հաճա՞խ են հանդիպում տուգանային հրապարակ բերված մեքենաների թալանի դեպքեր, և ո՞վ է պատասխանատվություն կրում դրանց համար, Ներքին գործերի նախարարությունից բանավոր չպատասխանեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել: