Հայաստանի տարածքային ամբողջականությունը որպես կարմիր գիծ նախանշվել է  Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից, այսինքն ամենաբարձր մակարդակով է այս մասին խոսվել, բայց մենք պետք է դիտարկենք նաեւ հնարավորությունների հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Մի պահ պատկերացնենք, եթե Տավուշում տեղի է ունենում ադրբեջանական հարձակում, ապա տեխնիկապես Իրանն ունի դժվարություններ, էլ չխոսենք այն մասին, որ Հայաստան-Իրան հարաբերություններում փաստացիորեն չկա այն իրավական հիմքը, որի հիման վրա իրանցիները կկարողանան ռազմական ուժ կիրառել եւ Հայաստանի հետ համատեղ ռազմական գործողություն իրականացնել:

Մենք ենք, որ պետք է ձեւավորենք այդ միջավայրը, որտեղ Իրանը կկարողանա անվտանգային առումով էլ ավելի մեծ դերակատարություն ունենալ ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման գործում:

Այսինքն մենք պետք է անցկացնենք համատեղ զորավարժություններ, ձեւավորենք համատեղ անվտանգային որոշակի հովանոց, որի շրջանակներում երկու պետությունները կկարողանան գործել ռիսկերի պայմաններում: Իսկ այդ ռիսկերը մշտապես կան Հայաստանի պարագայում: Այս ընթացքում առնվազն մեկ խոշորածավալ զորավարժություն Իրանի հետ պետք է անցկացվեր»,-ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ իրանցիները կարող են գործել նաեւ լռելյայն դաշինքի պայմաններում, ինչը եւս կարող է արդյունավետ լինել:

Իրանագետի խոսքով, եթե մենք չենք համագործակցում Իրանի հետ անվտանգության ոլորտում, մենք առնվազն բաց ենք թողնում մեր անվտանգության ճարտարապետության մեջ բավական խոշոր դարպաս, որտեղից  կարող է ներխուժում իրականացնել թշնամին: