Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում: Ճանապարհը փակած ցուցարարները, որոնց մեջ կանայք և երեխաներ կան, գիշերը լուսացրել են խարույկի շուրջ։

Նրանք այսօր սպասում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Հանդիպման ժամանակ կներկայացնեն սահմանազատման վերաբերյալ իրենց առաջարկները։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Մհեր Գրիգորյանը չի եկել տավուշ: Գյուղապետերն իրենք կմեկնեն Երեւան՝ նրա հետ հանդիպելու:

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ գիշերը ևս շարունակելու են փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։

Վերջերս Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ճանապարհը շարունակելու է փակ մնալ՝ կոչ անելով Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրողներին միանալ ակցիային, իսկ եթե չեն կարող գնալ Կիրանց, ապա յուրաքանչյուրն իր բնակավայրում նմանատիպ ակցիա կազմակերպի, որպեսզի շղթան տարածվի։

Հիշեցնենք, որ ճանապարհը երեկ փակել էին, քանի որ Կիրանցի հարակից հատվածներում ՊՆ-ի կողմից սկսվել էին ականազերծման աշխատանքներ։ Թեև ոստիկանները հայտնել էին, որ թյուրիմացություն է եղել, ՊՆ-ի աշխատակիցները պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել, այդուհանդերձ, բնակիչներն ամբողջ օրը փակ են պահել ճանապարհը։