Իսկ ինչպե՞ս է որոշվում, որ հարցն այնքան է լրջացել, որ հասել է իմպիչմենթի. Մի քանի հոգի հավաքվել են ու որոշել են, որ իմպիչմենթ պետք է անե՞ն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Դավիթ Կարապետյանը:

«Ընդ որում, խոսքն այն դեպքի մասին է, երբ մենք վերջապես այն ապրած ժամանակներից հետո, երբ ընտրությունները կեղծվել են, լցոնումներ են արվել, հիմա ունենք լեգիտիմորեն ժողովրդի կողմից ընտրված երկրի ղեկավար: Այստեղ խոսք չի կարող լինել իմպիչմենթի մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հրապարակում բողոքող քաղաքացիները շատ մեծ թիվ են կազմում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Հրապարակում հավաքվածների թիվը ո՞նց ենք որոշում, որ պետք է կապ ունենա: Միայն հրապարակում ժողովներ, միտինգներ կազմակերպելով չի կարող որոշվել: 2018-ին ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել եւ այլընտրանք չկար: Եթե ժողովրդի դժգոհություն մեծ է, բնականաբար, դա կարող է բերել փոփոխությունների:

Այսօր դժգոհության այդ պատճառները չկան: Իհարկե, մենք անսխալ իշխանություն չենք, ինչպես ոչ մի իշխանություն աշխարհում անսխալ չէ, բայց յս իշխանությունները ի տարբերություն նախորդների, գնում են ժողովրդավարության ճանապարհով»:

Դիտարկմանը, որ այսօր ոստիկանները բռնությունների են դիմել ակցիայի մասնակիցների, անգամ մայթին կանգնածների նկատմամբ, Դավիթ Կարապետյանն ասաց. «Ոստիկանները հանրային կարգ են պահպանել: 100 մարդ կարող է հավաքվել, 100 փողոց փակել, ու ոստիկանները ոչ մի բան չպե՞տք է անեն: Եթե մի քանի հոգով աղբամաններով փողոցները փակում են, բնականաբար, այդ մարդկանց պետք է արգելել»:

Հիշեցմանը, որ 2018-ին նույն մեթոդներով էին գործում, Դավիթ Կարապետյանն ասաց. «Այն ժամանակ համաժողովրդական ընդվզում էր տեղի ունենում: Հիմա կազմակերպված խմբեր են, այստեղ մեծ տարբերություն կա: Շատ լավ գիտեք՝ ում կողմից կազմակերպված, նախորդ իշխանությունների կողմից, ռեւանշիստների կողմից»: