Նիկոլին երբ հանդիպեցինք, մեզ ասեցին՝ եթե տունը ընկնի Ադրբեջանի տարածք, մենք ձեզ կփոխհատուցենք,  տուն կտանք: Ես էլ ասել եմ՝ ես թուրքի վրա չեմ ծախվում: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակ հատվածում NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանց գյուղի բնակիչ Գոհարը, որի տունը սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում:

«Մենք մարզպետի հետ ենք հանդիպում պահանջում, բայց առավոտից մինչև հիմա ինքը չկա: Թո՛ղ գա, ամբողջ ժողովրդի հետ հանդիպի, եթե մաքուր ա»,-ասաց Կիրանցի բնակիչը՝ նշելով, որ մարզպետը ցանկացել է առանց լրատվամիջոցների ներկայության հանդիպել գյուղացիների հետ:

Հարցին, թե որպես փոխհատուցում ի՞նչ են առաջարկել իրեն, նա ասաց, որ ինչ էլ առաջարկեն, իրեն ոչինչ հարկավոր չէ:

«Ինձ էդ փոխհատուցում բառը մի՛ ասեք, ես խանգարվում եմ: Ես թուրքի վրա չեմ ծախվում: Ես Նիկոլը չեմ, որ թուրքի վրա ծախվեմ»,-հավելեց Կիրանցի բնակչուհին:

Հիշեցնենք, որ շուրջ հինգ ժամ է՝ կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը:  Նրանք դժգոհում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից:

Ավելի վաղհ հայտնել էինք, որ գյուղացիների հետ բանակցելու էր եկել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, որ խորհուրդ էր տալիս ճանապարհը փակելու փոխարեն հանդիպել Տավուշի մարզպետի հետ և ստանալ հուզող հարցերի պատասխանները:

Գյուղացիները հրաժարվեցին բացել ճանապարհը և մարզպետի հետ հանդիպել այլ վայրում, ասելով, որ Հայկ Ղալումյանը կարող է գալ և իրենց հետ հանդիպել հենց ճանապարհի փակ հատվածում: Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները հավաքվել են Կիրանցի գյուղապետարանի մոտ, և քննարկում են հետագա անելիքները:

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։