ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք օժտված են իշխանություն ձեւավորելու իրավունքով, մենք նրանց բոլորին համարում ենք մեր ժողովուրդը, նույնիսկ այն մարդկանց, որոնք մեր ընտրողները չեն, դժգոհ են այս կամ այն բանից, մենք նրանց եւս ականջալուր ենք լինում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենք ժողովուրդ չեն համարում ընդդիմադիր զանգվածին:
«Ժողովուրդը 2021 թվականին ընտրությունների միջոցով ձեւավորել է իշխանություն եւ ՀՀ-ում կա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ վարչապետ եւ լեգիտիմ իշխանություն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ շարժման ղեկավարները ունեն վստահություն, որ առանձին ՔՊ-ականների կմիանան իմպիչմենթի գործընթացին, հնարավո՞ր է դրանց մեջ դուք լինեք, Կոնջորյանն ասաց. «Էդ որ մնտրայի պես անընդհատ կրկնում եք, որ ասում են՝ ՔՊ-ից մարդիկ են միացել, ինչ հիշում եք, ձեր առաջնորդն ասում է՝ ունենք իմպիչմենթի համար բավարար ձայներ, հիմա կգանք կանենք: Բայց չի անում: Գալիս հրաժարականի համար մեկ ժամ է տալիս, հիմա էլ ավելի կրեատիվ է գտնվել, 96 հատ մեկ ժամ է տվել: Էս ուղերձի պատմությունից պարզվեց, որ դա էլ լավ չեն հաշվարկել: Որովհետեւ ամսի 17-ը 96 ժամին եւս 96 ժամ գումարելով է ստացվում: Ժամ, պատարագ չունեն այս մարդիկ: ՔՊ խմբակցությունը կուռ եւ ամուր է»:











