Այս տարվա սկզբին Զինապահի հոգաբարձուների խորհուրդը որոշեց վերանայել և ինդեքսավորել շահառուների հատուցման ամսական գումարները՝ բարձրացնելով այն 26 տոկոսով։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց Զինապահի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սելանյանը։
«Վերջին տարում կառավարության մեր գործընկերների աջակցությամբ մի շարք կարևոր աջակցություններ և որոշումներ ենք կայացրել։ Այս տարվա սկզբին Հոգաբարձուների խորհուրդը որոշեց վերանայել և ինդեքսավորել շահառուների հատուցման ամսական գումարները՝ բարձրացնելով այն 26 տոկոսով։ Այս նախաձեռնության արդյունքում զինապահի տարեկան պարտավորությունները աճել են մոտ 4 մլրդ դրամով»,- նշեց նա։
Սելանյանն ասաց, որ խորհուրդը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որը հնարավորություն է տվեց Զինապահին ֆինանսական հատուցումներից զատ իրականացնել նաև սոցիալական ծրագրեր․
«Անցյալ շաբաթ հոգաբարձուների խորհուրդը մեկ այլ որոշում կայացրեց, որը կբարելավի զինապահի շահառուների մանկուց հաշվանդամ ճանաչված երեխաների սոցիալական վիճակը։ Նրանք ամսական կվճարվի լրացուցիչ 50 հազարական դրամ։
Մյուս օրենսդրական փոփոխությունը վերաբերում է զինապահի երբևէ առաջին կամ երկրորդ կարգի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուներին, ովքեր հաշմանդամության խմբի փոփոխության արդյունքում դադարել են մեր շահառու լինելը։ Արդյունքում հիմնադրամի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում հիմնադրամը հատուցման գումարները կշարունակի վճարել նախկին չափով»։
Նա ասաց, որ խորհուրդը մեկնարկել է զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծ։
Զինապահի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանն էլ խոսեց նաև թվերով․ «2017 թվականից մինչև 2024 թվականի առաջին եռամսյակի ավարտը Զինապահը ֆինանսական հատուցումներ է տրամադրել 5345 զինծառայողի, որի մեջ ընդգրկված է նաև նրանց ընտանիքի անդամները՝ մոտ 91,5 մլրդ դրամի չափով»։











