Դատավոր Աննա Դանիբեկյանի դեպքը պետք է ուսուցողական լինի բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են լինել գործիք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Փաշինյանը բացի իր աթոռից ոչ մի բանը չի պահելու, ոչ մեկին չի փրկելու, բազմիցս ասել եմ` նա Նոյը չէ, տապան չունի, չի փրկելու»,- նշեց Մամիջանյանը։
Նա շեշտեց՝ իր համար մեկ է, թե ինչ կլինի այն դատավորների հետ, որոնք Փաշինյանի հանձնարարականները կատարելուց, գործիք ծառայելուց հետո այս կամ այն պատճառով իշխանությունների կողմից ենթարկվում են կարգապահական տույժի կամ հեռացվում են։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բավարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրեց Երևանի առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
ՀՀ արդարադատության նախարարը 2024 թ. մարտի 1-ից Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել ՀՀ դատական դեպարտամենտի հրապարակած աղմկահարույց տեսանյութի պատճառով, որտեղ խոսվում է նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի մասին։
Ըստ այդ տեսնայութի` Դանիբեկյանի կողմից դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել, դատարանը չի իրականացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավունքը։
Հիշեցնենք` 46-ամյա Աննա Դանիբեկյանը դատավոր է նշանակվել 2016 թվականին։











