Ավանդույթի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի ևս տոնական միջոցառումներով նշեց ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը։

Հանքագործի և մետալուրգի օրը, որն ավանդաբար նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը, տոնական միջոցառումները մեկնարկեցին «Komatsu» ընկերության հետ համատեղ միջոցառմամբ՝ հանքի տարածքում ներկայացնելով աշխարհահռչակ ընկերության ծանր տեխնիկայի պարը՝ Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» երաժշտության ներքո։ Դա յուրօրինակ նվեր էր ծանր տեխնիկայի հետ աշխատող հանքագործներին, նաև ոլորտի ժամանակակից տեխնիկայի կարողությունների ցուցադրություն։

Screenshot 2024-07-22 185001.jpg (137 KB)

Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզի և համայնքների ներկայացուցիչներ եւ ղեկավարությունը, հյուրեր տարբեր երկրներից, Հայաստանում գործող տարբեր հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և ԶՊՄԿ աշխատակիցները։

Screenshot 2024-07-22 185125.jpg (126 KB)

«Մեր ընկերության ամենօրյա աշխատանքում մենք օգտագործում ենք ժամանակակից  սարքավորումներ և ներդնում ժամանակակից տեխնոլոգիաներ։ «Komasu»-ն ժամանակակից շինարարական և հանքարդյունաբերական տեխնիկայի արտադրության համաշխարհային առաջատարներից է: Մեր հանքում շահագործվում է«Komasu»-ի 24 տեսակի տեխնիկա՝ տարբեր նպատակների համար»,- իր ելույթում նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:

Screenshot 2024-07-22 185203.jpg (76 KB)

«Komatsu» ընկերության Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրեն Տոմոշի Կիցուվան շնորհակալություն հայտնեց ԶՊՄԿ-ին արդյունավետ համագործակցության եւ տարածաշրջանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությանը՝ ամենօրյա աշխատանքները հենց իրենց ընկերության տեխնիկային վստահելու համար։

Screenshot 2024-07-22 185233.jpg (69 KB)

1952 թվականին հիմնադրված ԶՊՄԿ-ն պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող ընկերություն է: 2021 թվականից Հայաստանի թիվ մեկ հարկատուն։ 2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ։ «Կա հպարտանալու բան նաև բյուջե կատարած մուտքերի առումով։ Վերջին 3 տարում մենք ավելի շատ հարկ ենք վճարել Հայաստանի բյուջե, քան նախկին 25 տարիներին միասին։ Ամբողջ թիմը պետք է հպարտանա սրանով, քանի որ սա հսկայական աշխատանքի արդյունք է: Անցյալ տարվանից մենք սկսել են ընկերության ավտոմատացման ու թվային փոխակերպման գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռոման Խուդոլին։ Իսկ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժը համարվող հանքարդյունաբերության ոլորտի մասին շատ միֆեր կան։ Հասարակությունն ավելի շատ բացասական ինֆորմացիա է ստանում, որն իրականությանը մեծամասամբ չի համապատասխանում։ Նա նշեց, որ բնապահպանական առումով ԶՊՄԿ-ն վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարել։
«Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, որ Քաջարանի հանքավայրից ընդհանրապես փոշի դուրս չգա հարակից տարածքներ։ Դրա հետ ներդրել ենք, այսպես կոչված ջրային թնդանոթները։ Դրանց քանակն ավելացնելու ենք և այդ կերպ լուծելու ենք փոշու հարցը։ Այդպիսի բազմաթիվ ծրագրեր ենք իրականցնում, որոնք օրինակելի են բոլոր հանքերի համար»,- հայտարարեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։

Screenshot 2024-07-22 185644.jpg (103 KB)

Կոմբինատում աշխատում է 4 հազար 600 մարդ, որոնց մեծ մասը քաջարանցիներն են։ Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը ևս մեկ առիթ է վերջին մեկ տարում աշխատանքում տեսանելի հաջողություն գրանցած աշխատողներին պարգևատրելու համար։ Այս տարի նրանք 22 հոգի են։

Screenshot 2024-07-22 185723.jpg (70 KB)

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհակալություն հայտնեց կոմբինատի բոլոր աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի ամեն օրը ներդրում է ձեռնարկության զարգացման գործում։ «Մենք ցանկանում ենք, որ ԶՊՄԿ-ն մեր թիմի համար լինի ոչ միայն աշխատանքի վայր, այլ անընդհատ սովորելու, զարգանալու և մասնագիտական նոր բարձունքներ նվաճելու հնարավորություն: Այս տարի հսկայական ջանքեր են գործադրվել տեխնիկական անվտանգության, աշխատակիցների առողջության և անվտանգության, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարմանն ուղղված գործընթացների արդիականացման ուղղությամբ: Մենք միասին արդեն շատ բան ենք արել, բայց դեռ շատ անելիք կա։ Սա հեշտ տարի չէր, իսկ ձեռքբերումների ճանապարհը ենթադրում է արտասովոր խնդիրների լուծում։ Ես վստահ եմ, որ մեր թիմը կարող է հաղթահարել ամենահավակնոտ նպատակները», - հայտարարեց ընկերության գլխավոր տնօրենը:

Screenshot 2024-07-22 185918.jpg (89 KB)

Ելույթ ունեցան և ԶՊՄԿ արդյունավետ գործունեությանն անդրադարձան նաև Սյունիքի մարզպետն ու Քաջարան համայնքի ղեկավարը։

Screenshot 2024-07-22 185959.jpg (51 KB)

«Դժվար է պատկերացնել Սյունիքի մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի և մետալուրգի, քանի որ հանքարյունաբերությունն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի ոչ միայն մարզի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար»,- նշեց Սյունիքի մարզպետը։ Իսկ Քաջարան համայնքի ղեկավարը շեշտեց, որ Հանքագործի և մետալուրգի օրը կրկնակի տոն է քաղաջարնցիների համար։ «Այստեղ է հանքագործների դարբնոցը և հանքարդյունաբերության հսկան՝ ԶՊՄԿ-ը, ինչի շնորհիվ Քաջարանը կյանք է առել որպես քաղաք»,- հայտարարեց Մանվել Փարամազյանը։

Screenshot 2024-07-22 190040.jpg (43 KB)

Տոնական միջոցառման ընթացքում կայացավ նաև ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը։

Screenshot 2024-07-22 190113.jpg (72 KB)

Հանքագործի և մետալուրգի օրն ավարտվեց Քաջարանի մշակույթի պալատի բակում կազմակերպված համերգային ծրագրով և գաստրո-տոնավաճառով։

Screenshot 2024-07-22 190150-1.jpg (129 KB)