Այս դատական նիստերը ինչքան երկարում են, այնքան բացահայտվելու փոխարեն ավելի փակուղի ենք մտնում, ավելի խճճվում ենք, որովհետեւ հատուկ կանգնած խճճում են այս ամեն ինչը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատի կացարանում հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:
«Ես չեմ կարծում, որ ամեն ինչ իր հունով ընթանում է, ես չեմ կարծում, որ իրենց շահերից է ելնում ամեն ինչ իր հունով ընթանալը, եսա նախորդ դատական նիստին էլ դատավորին ասեցի, որ այս ամեն ինչը ձեւական բնույթ է կրում, վաղը մյուս օրը որ մի խոսք էլ լինի, ասեն՝ տարիուկես դատական նիստերը տեւել են, պաշտոնական վարկածից բացի այլ վարկած առաջ չի քաշվել կամ ուրիշ ապացույցներ չեն եղել: Այսօր հրացաքննվողը նախորդ դատական նիստին էլ եկավ ցուցմունք տվեց, նույնն է, չի տարբերվում նախորդներից, ես արդեն էնքան եմ հոգնել իրենց վիրավորելուց, ոչ մի բան չի ազդում, իրենց մեջ ինքնասիրություն չի արթնանում, որ գոնե խոսեն, մի բառ ասեն: Սպլաշնոյ խաբեբայություն եւ վերջ: Հեռախոսի հետ կապված, էդ հեռախոսը մենք գնացինք, դեպքի վայրից գտանք, էդ նույն դեպքի վայրից գտելենք նաեւ իմ տղայի հեռախոսը, նաեւ զոհվածներից մի քանիսի հեռախոսները: Բոլոր հեռախոսները վառված, հալված, իմ տղու հեռախոսի կեսն էր համարյա մնացել, վառվել, հալվել կծկվել: ԱԻՆ-ի աշխատակիցների ասելով մոտ 30 տոննա ջուր են լցրել ըտեղ, բայց ես կարող եմ ասել,որ էդ հեռախոսն ենք գտել այդ պայմաններում, որն ինքն իրեն միանում է, ոչ մի վնասված տեղ չունի, հեռախոսը իբր տարել, դրել են զարյադկի, բայց գիշերը հեռախոսից զանգ է եղել: Այսինքն այս դատական նիստերը ինչքան երկարում են, այնքան բացահայտվելու փոխարեն ավելի փակուղի ենք մտնում, ավելի խճճվում ենք, որովհետեւ հատուկ կանգնած խճճում են այս ամեն ինչը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ գործով մեղադրյալ Եղիշեն փոխել է ցուցմունքը, մինչ այս ասում էր օրապահը խոհանոցում է եղել, դրսում է եղել, հետո նրա հանդեպ մեղադրանք առաջադրվելուց հետո փոխվել է ցուցմունքը. «Ինչ-որ մեկի ձեռքը Եղոյին հասնում է կալանավայրում, կեթա, կասի արա, ասա ըտեղ չի եղել, քո հետ է եղել, որտեղ որ պետք է եղել այդտեղ է եղել: Ես այլ կարծիք չունեմ, ինչ-որ մեկը եթե կարող է ասել, թող ասի, որ ուրիշ կերպ է եղել»:
Կիրակոսյանը նշեց, որ վերջերս եղել են Վարդենիսում, գնացել են դեպքի վայր, զրհաբաճկոններ են հայտնաբերել եւ այնպիսի իրեր, որ փորձագետները պետք է վերցնեին:
«Միլիոններ են ծախսել քննիչները, ի՞նչ են արել: Տեսագրությունների հետ կապված գյուղապետին տեսանք, գյուղապետն ասում է՝ ով է ասում, չեն եկել, չեն տարել, դեպքի հաջորդ օրն եկել, տարել: Բայց մենք չենք իմացել, մինչեւ այդ մարդը բան չի ասել, մինչեւ առերեսում չեղավ: Բայց ինչի չէին ասում, եթե միտում չկար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։











